«Ամբողջական պատկերն ավելի սարսափազդու է` ես երկու կողմում էլ «ոստիկան» տեսա». Արմինե Ղազարյան
Հարցազրույց Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ
– Տիկին Ղազարյան, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո, այժմ քաղաքական դաշտը «պատրաստվում» է հաջորդ տարի երկրի ղեկավարի՝ վարչապետի ընտրությանը, սակայն հասարակությունը կարծես անհաղորդ է դարձել և զբաղված է միայն «օրվա հացի» խնդրով։ Ինչպե՞ս կբնորոշեք ստեղծված իրավիճակը, ու ներքաղաքական այս ներկապնակն ի՞նչ զարգացումներ է խոստանում։
– Ճիշտ եք ձևակերպում, քանի որ ՀՀԿ հաղթանակին իրենց մեծ նպաստն ունեն ՀՀԿ-ականները և բոլորը՝ դիմությունը, ընդդիմությունն ու ժողովուրդը, և հիմա էլ այդպես միահամուռ՝ ամեն անգամ, ինչպես առաջին անգամ՝ կկազմակերպեն, որ բոլորին լավ լինի։
Հասարակության անհաղորդությունը ստեղծել են և վայելում են։ Ոչ մի նոր ասելիք, կարծում եմ, չկա այստեղ, պատճառները բոլորս էլ գիտենք: ՀՀ յուրաքանչյուր կեղծված ընտրություն քաղաքացուն մատնել է քաղաքական պասիվության, քաղաքականությունից հեռացման, մեկուսացման, հիասթափությունների, արհամարհանքի՝ «թշնամական» համակարգի նկատմամբ, պասիվ բողոքի՝ արտագաղթի։ Հասարակության անտարբերությունն իրենց համար շատ հաջող իրավիճակ է, որպեսզի ունենան կառավարվող զանգված, կաշառվող մարդիկ, խոցելի հասարակություն։ Եթե մի նոր բան կա նախկինից, ապա դա այն է, որ իշխանությունը գնալով ավելի ցածրակարգ և էժան մանիպուլյացիաներով է ստանում այն, ինչ ցանկանում է։
Իրականում ներկապնակի գույներն էլ գնալով խամրում են։ Սուր բևեռներ չկան, իշխանությունը, ընդդիմությունն ու ժողովուրդը մի կողմի վրա են։ Իշխանությունն արդեն իրեն չի ծանրաբեռնում ձևեր թափելու՝ իր թեկնածուին լավ ներկայացնելու, կամ աշխատանքներ տանելու համար։ Ներքին պայմանավորվածություններն են իր համար կարևոր, ներքին համաձայնությունները, կաբինետի անձնակազմի ընտրությունը, կադրերը: Ընդդիմությանը բանտարկել է, իսկ դեռևս եղածը վտանգ չի ներկայացնում։ Կարիք չունի ժողովրդին հաղորդ դարձնելու, ժողովուրդը զբաղված է հացի խնդրով, ընտրությունների ժամանակ կզբաղվի՝ փորձելով գոնե երկու թեկնածուից ընտրակաշառք վերցնել (այս պրակտիկայում առաջընթացի հարց է)։ Կգա ընտրությունների ժամանակը, նույն նավակի միջից իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը միասին, ազնվորեն և հավատացած կմասնակցեն հերթական ֆալշին։ Ամեն բան փոխկապակցված է և օրինաչափ։
– Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիրը (որն այժմ «Ելք» դաշինքի անդամ է), եթե իր ռազմավարությամբ և ընթացիկ մարտավարությամբ շարունակի գործունեությունը, թերևս, նոր իրականության ճանապարհին է։ Այդ «նոր իրականությունն» արդեն ուրվագծվո՞ւմ է, և արդյոք հուսադրո՞ղ է՝ որպես ընդդիմության կայացում կամ իշխանափոխության հնարավորություն։
– Իմ այդ հարցազրույցից հետո շատ դեպքեր են եղել։ Այդ ժամանակ ՔՊ-ն ուներ մեծ հնարավորություններ ավելի լայն գործունեության, ավելի շահավետ գործելու՝ թե՛ իր, թե՛ ժողովրդի համար։ Նոր իրականություն կա, բայց գուցե «Ելքի» համար՝ խորհրդարանական ընդդիմություն են։
Իշխանությունն ընդդիմադիր դաշտը տապալեց, այն ավելի ստերիլ է, քան երբևէ։ Իսկ ստերիլ դաշտում որևէ բան վերահսկելն ավելի հեշտ է։ «Ելքն» ակամա օգնեց դա անել, դեռևս ՔՊ ժամանակից օտարեց բոլոր մյուս ընդդիմադիրներին, ընդդիմություններին։ Գիտակցորեն թե անգիտակցորեն, Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցի ժառանգությունը վերցրեցին՝ շարունակելով մենաշնորհության երևույթը, մեկը և միակը։ Արտախորհրդարանական ընդդիմությունն այս պահին ջախջախված է, և անհրաժեշտության դեպքում «Ելքը» դաշնակիցներ չունի հենվելու համար, ինքն էլ բավարար ուժ չունի։
Դրա համար ժամանակի հետ ընդդիմությունն ավելի սիմվոլիկ է դառնում, անուժ, ամուլ։ Իշխանությունն ընդդիմության գոյությունը պահում է ձևական, որպես «անհրաժեշտ իրողություն դեմոկրատական երկրում»։
Ուշադրություն, չեմ ասում՝ կեղծ է, ընդդիմությունն ինքը կարծում է, թե կշիռ ունի, բայց այս տարիների ընթացքում ռեժիմին հաջողվեց հետայսու կառավարվող ընդդիմություն ձևավորել, այսինքն` այնպիսի կանոններ և հասարակության այնպիսի անտարբեր վիճակ, բանտարկելով վտանգ ներկայացնող ընդդիմադիրների, որ, կամա թե ակամա, գոյություն ունեցող օրենսդրական ընդդիմությունը համակարգի մի մասնիկն է դառնում։ Կան ընդդիմադիր քաղաքացիներ, կան քաղբանտարկյալներ։ Իշխանությունը ևս սարսափելի ստերիլ է հիմա, քան երբևէ՝ ընդդիմությունից կամ ընդդիմադիրներից սպասվող անակնկալների իմաստով։
– Մայիսին ԱԺ-ում Սերժ Սարգսյանն իր ծրագրային ելույթում ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը գերխնդիր որակեց, վերջերս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ահազանգեց ՀՀ-ում ժողովրդագրական միտումների «չափազանց մտահոգիչ» լինելու մասին, քանի որ ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով հարցը երկրորդական պլան է մղվել, սակայն ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արման Սաղաթելյանը, արտագաղթի պատճառը կառավարության «արդյունավետ աշխատանքը» չի համարում։ Ի վերջո, ո՞րն է Հայաստանում ժողովրդագրական վիճակի վատթարացման, արտագաղթի բուն պատճառը։
– Մենք հիմա մի կետի ենք հասել, որ անհարմար է նույնիսկ՝ նոր-նոր ձևակերպենք մեր գերխնդիրը, կամ, թե արտագաղթն ինչու է, ինչ պատճառով, ով է մեղավոր, և այլն: Կամ այդ հարցերին շատ խելոք դեմքով բացատրություններ տան, կամ պատասխաններ ակնկալենք։ Այսինքն` մենք վերջին 8-9 տարիներին դեռ միայն ձևակերպում ենք խնդիրը։
Երբեմն հասարակությունը, ժողովուրդն ինտուիտիվ ու պարզ տրամաբանությամբ ավելի խելոք է, քան շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ։ Ֆեյսբուքում տարիներով ընդդիմադիր հայացքներով մի հարգելի նախկին քաղաքական գործիչ, վերլուծաբան կարող է 2016-ին գրել` «Այս հաղորդումը նայելուց հետո կրկին համոզվեցի, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա»։ Մեզ մոտ մարազմ կա տարիներով փաստը արձանագրելու, պատճառները մատնանշելու, և անընդմեջ դա անում ենք։
Այլ բան կասեմ` իմ դիտարկումների մեջ արտագաղթի պատճառների դինամիկա կա․ եթե տարիներ առաջ սոցիալական պատճառների փաթեթում էր՝ գնալ, ստեղծել ավելի լավ պայմաններ արժանապատիվ ապրելու համար (մարդու պահանջմունքների բուրգում ավելի բարձր պահանջմունք), այս վերջին տարիներին ուղղակի ապրելու, գոյատևելու անհնարինությունն է (վիտալ, կենսաբանական պահանջմունքի բավարարում, ամենացածր պահանջմունք) և ապագա չտեսնելը։
Սոցիոլոգիական ուսումնասիրություն չունեմ, դասակարգման չեմ ուզում ենթարկել, բայց ըստ դիտարկումների՝ վերջին 2-3 տարիներին դուրս են գալիս այն ընտանիքները, որոնք նախորդ տարին Հայաստանից հեռանալու մասին մտածելը բացարձակ անընդունելի են համարել։ Այսինքն` այն հատվածը, որը կառչած էր Հայաստան աշխարհում ապրելու մտքից, որը տարիներով չի մտածել և փորձել, իր նպատակներում չի ունեցել Հայաստանից դուրս ապրելը։ Սա է աղետը։ Աղետից ազատվելը հակաազգային, հակաժողովրդական ու մարդատյաց քաղաքականությունը ստեղծող ու կառավարող համակարգից՝ իր անձանցով ազատվելն է։
– Ստեղծված իրավիճակում հասարակության արժեքային հեղափոխություն հնարավո՞ր է:
– Բոլորին հայտնի միտքն եմ հղում՝ քանի որ մենք ինչպիսին կանք, դա ունենք, կամ ասեմ՝ մեր մեծամասնությունը ինչպիսին է, այդ մտածելակերպով ու արժեհամակարգով ստեղծում ու վերցնում ենք «աշխարհից» մեզ համապատասխանը։ Արժեքային փոփոխություններ` տաբուների «թեթևացումներ» եղել են, բայց դրա հետ մեկտեղ՝ աճել է մյուս կողմի՝ բացասականի նկատմամբ հանդուրժղականությունը ևս։ Որքան և բոլոր կողմերով դիտարկում եմ այդ ճշմարտությունը՝ ինչպիսին ենք, այդպիսին էլ ունենք կյանք ու երկիր ու իշխանություն, այդքան դրա հանճարեղությունն ապշեցնում է։ Ի դեպ, չեմ ասում բացասական երանգով, այլ` իրական, իրատեսական։
Օրինակ բերեմ` վերջին օրերին Ֆեյսբուքում քննարկվում է մի միջադեպ ոստիկանների և ասմունքողի մեջ։ Շատերն անդրադառնում են՝ մատնանշելով այս կամ այն կողմի գռեհիկ պահվածքը, և այլն։ Մի մասը նշում են ասմունքողուհու անադեկվատ վարքը, մի մասը` արդարացնում՝ ներկայացնելով, թե մայր է, երեխան հետն էր, կնոջը նվաստացնում են, և այլն։ Կան նաև մոտեցումներ, քննարկումներ, որ ոստիկանների այս հոլովակը պտտելը ուշադրության շեղում է սոցցանցի համայնքի այլ խնդիրներից։
Բոլոր ասվածների մեջ կա ճշմարտություն։ Բայց ավելի սարսափազդու է ամբողջական պատկերը։ Իսկ ամբողջական պատկերում ես երկու կողմում էլ «ոստիկան» տեսա։ Իսկ ոստիկանը, ինչպես հասցրել են իշխանություններն այս բութ գործիքը բազմիցս գործածել ամենակեղտոտ նպատակներով, բացասական կարծրատիպ է ինքնին։
Դա է մտահոգիչը, երբ հասարակության երկու ծայրահեղ տարբեր ոլորտներ ու գործունեություն ունեցող մարդիկ ունեն նույն ժարգոնն ու մտածողության ձևը, վարքը և հոգին՝ ոստիկանն ու պոեզիայի մարդը։ Եվ երկուսն էլ դրսևորեցին հասարակության համար բավականին ընկալելի իրավիճակ և առաջարկվող լուծումներ կամ բառապաշար։ Ենթադրենք` ոստիկանին վարժեցնում են, վարժեցնում և դաստիարակում է համակարգը՝ իր ասոցիալ նորմերով։ Իսկ նա, ով հարաբերականորեն ազատ է, ակամա թե կամովին կրում է նույն ոստիկանի արժեքային սանդղա՞կը։ Ասմունքողը պետք է հակառակ բևեռը լիներ։ Պոեզիա կրողը, ներկայացնողը, ի վերջո, այդքան գրականության մեջ թրծված մարդը, թվում է՝ պետք է ազնվագույն լինի՝ թե՛ իր լեզվամտածողությամբ, թե՛ դաստիարակությամբ։
Բայց այստեղ միայն անձի և անձնական հատկանիշների խնդիրը չի, ցավոք, սա նաև իր տեսակի, ցեղի մեջ ապրելու, գոյատևելու ինքնապահպանման բնազդ է: Սա է մեխը։
Արժեքային հեղափոխությանը պետք են իրապես ազատ միտք և կամք։ Մենք, ցավոք, դեռ երկար ժամանակի կարիք ունենք՝ ազատվելու համար խորհրդային մտածողության ստանդարտներից ու կեղծությունից, ստատուսին քծնելուց ու տիտղոսով հաստատվելուց։ Արժեքային հեղափոխության օբյեկտը պիտի լինի մարդը, ուղղակի մարդը և մարդակենտրոնությունը, այլապես մյուս արժեքները՝ լինի պոեզիա թե դասական երաժշտություն, կփլուզվեն կեղծիքից։