Արցախի «սպիտակ քաղաքի» պեղումների ժամանակ հնագետները ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերել
Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդյունքում մի շարք ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել: Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերվել: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակվեն: «Այս տարի բազմաթիվ երկաթե իրեր ենք հայտնաբերել` դանակներ, տեգի ծայրեր, մկրատի մասեր, հարյուրների հասնող գունազարդ եւ ջնարակապատ խեցեղեն»,- ասաց Պետրոսյանը` հավելելով, որ Տիգրանակերտի նյութը շատ հարուստ է` մայրաքաղաքային մակարդակի:
Արշավախմբի ղեկավարը սակայն մտահոգություն ունի. Տիգրանակերտը նման մանր պեղումներով դժվար է ամբողջականացնել: «Հարյուրավոր մետրեր ձգվող պարսպապատից ամեն տարի 15 մետր պեղելուց ի՞նչ պիտի ստանանք: Պեղումները սահմանափակ են, բայց ես շնորհակալ եմ Արցախի իշխանությանը, որ այդքան աջակցում է մեզ: Եթե մենք այդ հուշարձանը մեկ-երկու տարի չպեղենք, այն կվերածվի հողակույտերի: Մենք ամեն տարի պեղման աշխատանքներ սկսելուց առաջ 10 օր միայն մաքրման աշխատանքներ ենք տանում»,- ասաց նա:
Տիգրանակերտում պեղումներն այս տարի մեկնարկել են հուլիսի 8-ին: Պեղման աշխատանքներ են իրականացվել ինչպես ամրացված թաղամասում, այնպես էլ վաղքրիստոնեական հրապարակում, որտեղից բազմաթիվ ճարտարապետական հանգույցներ, ուղիղ աշտարակ, վաղքրիստոնեական կոթողներ են հայտնաբերվել: Արցախի իշխանությունները Տիգրանակերտը պեղելու համար հատկացրել են 17 միլիոն դրամ:
Արցախի հնագիտական արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, Ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղ միջնադարյան ամրոցը:
Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:
Լուսանկարները` Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: