««Ելք» դաշինքն ասում է, թե եկել է ժողովրդին ծառայելու. ինչո՞ւ գոնե մեկ անգամ ես իրենցից չլսեցի այս հարցի բարձրացումը»
«Ժողովրդի ձայնը» կոչվող ակումբի փորձագետներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ ուսումնասիրել են «Վեոլիա-ջուր» ընկերության և կառավարության միջև ստորագրված պայմանագիրը, ապա ներկայացրին դրանում առկա մի քանի կետեր։
«Պայմանագրում նշված է, որ «Վեոլիա-ջուր» ընկերությունը պարտավորվում է ջրամատակարարման համակարգն ավելի արդյունավետ դարձնել, մասնավորապես՝ միջազգային ներդրումների միջոցով։ Նաև նշվում է, որ պետք է լինի ոչ թե ջրի թանկացում, այլ հակառակը՝ նվազեցում։ Բայց մենք ականատես ենք լինում, որ 2017թ. հունվարին արդեն մեկ անգամ ջուրը թանկացել է, և այժմ իրենք դիմել են ՀԾԿՀ, որպեսզի խմելու ջրի սակագինը 180-ից դառնա 194 դրամ։ Իրենք դիմել են օգոստոսի սկզբին, և 90 օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն պետք է դրան արձագանքի»,- ասաց Արման Ղուկասյանը՝ ընդգծելով, որ «Վեոլիա-ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումն անարդյունավետ է, և ստացվում է, որ ընկերությունն արդեն խախտել է շատ կարևոր կետ, քանի որ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ է ջուրը թանկանալու։
Նրա խոսքով՝ ընկերության անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում այն, որ գրեթե 80 տոկոսով ջրամատակարարման համակարգը հին է մնացել. «Պայմանագրում նշված է, որ նրանք պետք է շատ արագ ջրամատակարարման համակարգը նորացնեն, իսկ մենք ականատես ենք լինում, որ դեռ 1990-ականների համակարգն է մնացել»։
Ըստ Ղուկասյանի՝ հարց է առաջանում, թե ինչու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այս ամենի վերաբերյալ չկա արձագանք. «Մենք կոչ ենք անում, որպեսզի ՀՀ իշխանությունները աուդիտ անցկացնեն։ «Էլեկտրիկ-Երևան» շարժման ժամանակ մենք տեսանք, որ աուդիտ տեղի ունեցավ։ Հիմա հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ է՝ այդ ընկերությունը ֆրանսիական է, և մենք պետք է չարձագանքենք, այսինքն՝ արևմտյան ընկերություն է։ Այս ամենն արվում է նոյեմբերին պատրաստվող ասոցիացման համաձայնագրի ստորագրման շեմին և այս ամենը ՀՀ իշխանությունների մոտ պետք է մեծ հարց առաջացնի։ Պյոտր Սվիտալսկին խոսում է, որ այստեղ մեծ ներդրումներ են արվելու, ԱՄՆ-ի դեսպանն էլ է խոսում մեծ ներդրումների մասին, բայց ականատես ենք լինում, որ խմելու ջրի սակագինը բարձրանում է»։
Թե ի՞նչ կապ ունի նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագիրը մասնավոր ընկերության աշխատանքի հետ, որտե՞ղ էին իրենք այդքան շահարկվող «Էլեկտրիկ-Երևան» շարժման ժամանակ, և, ի վերջո, հիմա ի՞նչ են առաջարկում, արդյո՞ք պատրաստվում են համապատասխան փաթեթ ներկայացնել կառավարությանը, որտեղ կլինեն բոլոր այն հիմնավորումները, թե ինչու խմելու ջուրը չպետք է թանկանա, 168.am-ը փորձեց պարզել ասուլիսի բանախոսներից։
Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ «Էլեկտրիկ-Երևան» շարժման ժամանակ եղել են այնտեղ, ուղղակի չեն երևացել. «Շարժման մասնակիցները մեզ լավ ճանաչում են։ Այս հարցն առաջին անգամն ենք բարձրաձայնում և պատրաստվում ենք տնտեսագետների հետ, օրինակ՝ այս հարցը բարձրացրած տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ կապվել, և կարծում եմ, որ այո, մենք կփորձենք այդպիսի փաթեթ պատրաստել։ Կփորձենք նախաձեռնող լինել»։
Ծովինակ Կոստանյանն էլ հավելեց. «Եթե հիմա թանկացում տեղի ունենա, դա շղթայական ռեակցիայի էֆեկտ կունենա։ Այսինքն՝ դա միայն այդ 14.3 դրամը չի, չի կարելի անտեսել դա»։
Արման Ղուկասյանը նշեց, որ իրենց խնդիրը քաղաքական չէ, և ըստ նրա՝ կարևոր չէ՝ ռուսակա՞ն, թե՞ ֆրանսիական ընկերություն է, այլ այն, որ ժողովուրդն այդ բեռը չի կարող տանել։
168.am-ի դիտարկամանը, թե իրենք շեշտադրումն անում են հենց նրա վրա, որ «Վեոլիա-ջուր» ընկերությունը ֆրանսիական է, և, որ շրջանակային համաձայնագիրը պետք է վերանայվի, Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Շեշտադրումը դրա վրա չարեցի, այլ նրա, որ մեր գրպաններից է այդ գումարը գնալու։ Եթե նույն «Էլեկտրիկ-Երևանի» դեպքում բոլորը խոսում էին այդ մասին, ապա հիմա տեսնում ենք լռություն։ Օրինակ՝ ինձ մոտ հարց է առաջանում, և ես վստահ եմ, որ կոնկրետ հրահանգ կա, որպեսզի այդ լռությունը լինի։ Հիմա չեմ ուզում կոնկրետ հայտարարությամբ հանդես գալ, բայց ինձ համար այս լռությունը տարօրինակ է։ Օրինակ՝ նույն մեր ընդդիմադիր դաշտը, նույն «Ելք» դաշինքը, որն ասում է, թե եկել է ժողովրդին ծառայելու… ինչո՞ւ գոնե մեկ անգամ ես իրենցից չլսեցի այս հարցի բարձրացումը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում