Նաթանհայուն բեկում է արձանագրել արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերություններում
Իսրայելն իր պատմության մեջ աննախադեպ մերձեցման է հասել արաբական երկրների հետ, չնայած պաղեստինյան հիմնախնդրի կարգավորված չլինելուն: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանհայուն:
Տարածաշրջանի հարեւանների հետ համագործակցությունը, նրա խոսքով, ընթանում է տարբեր ձեւաչափերով, տարբեր մակարդակներով եւ մեծ մասամբ կողմնակի դիտորդի աչքից հեռու:
«Ես կցանկանայի նշել… մի խումբ երկրներ, որոնց հետ հարաբերություններում Իսրայելը բեկման է հասել: Այն, ինչ տեղի է ունենում մեր ու նրանց միջեւ, չի եղել մեր ողջ պատմության ընթացքում, նույնիսկ հաշտության համաձայնագրերի ստորագրման ժամանակաշրջանում»,-հայտարարել է Նաթանհայուն ԱԳ նախարարությունում՝ ելույթ ունենալով առաջիկա հրեական տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Տարբեր ձեւաչափերով, տարբեր մակարդակներով համագործակցությունը դեռեւս բացահայտ չի դարձել, բայց կուլիսների հետեւում շատ ավելին է տեղի ունենում, քան Իսրայելի պատմության ցանկացած այլ ժամանակահատվածում: Դա հսկայական փոփոխություն է»,-հավելել է վարչապետը, որը նաեւ գլխավորում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Մերձավորարեւելյան չափավոր տերությունների, նախեւառաջ Պարսից ծոցի միապետությունների դաշինքի հետ մերձեցումը Նաթանհայուն քանիցս համարել է Իսրայելի դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը:
«Այդ մերձեցումը տեղի է ունենում, չնայած այն բանին, որ պաղեստինցիները դեռեւս, ցավոք, չեն հրաժարվել կարգավորման անընդունելի պայմաններից»,-ասել է Նաթանհայուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: