Բիլիարդանոցը վարձակալել էր Գոռ Հակոբյանի ընկերը. պատանդառուի ընկերները հարցաքննվել են. «ՀԺ»

Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր 24-ամյա կնոջը պատանդ պահած 31-ամյա Գոռ Հակոբյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել:

Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյան՝ հավելելով, որ քննությամբ պարզվել է Գոռ Հակոբյանի բնակության վայրը, եւ դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել։ Նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։

Սոնա Տռուզյանը նաեւ ասաց, որ քննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ նա ընտանիքի հետ միասին Հայաստանից մեկնել է 1997թ.`մշտական բնակություն հաստատելով ԱՄՆ- ում։ Իսկ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2008թ.: Ներկայումս ստուգվում են նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալները:

«Մեզ հայտնի դարձավ, որ սույն քրեական գործի շրջանակներում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել: Մասնավորապես մեր տեղեկություններով՝ հարցաքննվել են Գոռ Հակոբյանի ընկերները, բարեկամները»,- գրում է թերթը:

Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբը, որտեղ տեղի են ունեցել հայտնի դրամատիկ իրադարձությունները, վարձակալել է Գոռ Հակոբյանի ընկերը: Վերջինը հարցաքննվել է եւ մեր տեղեկություններով, քննիչին պատմել է, որ «Weekend» բիլիարդ բար ակումբը հուլիսին վարձակալել էր եւ պատրաստվում էր հոկտեմբերին աշխատացնել: Նա նաեւ ասել է, որ ինքը Գոռ Հակոբյանին դեպքի օրն ակումբի բանալիները չի տրամադրել եւ չգիտի, թե ընկերը ինչպես է այդ օրը 24-ամյա կնոջ հետ հայտնվել իր ակումբի տարածքում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս