Բաժիններ՝

«Սա հերթական ձևական ինչ-որ մի քայլ է»

2018-2020 թթ. նախատեսվում է նաև բովանդակային փոփոխություններ իրականացնել: Ինչպես վերջերս նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մինչև սեպտեմբերի 20-ը հանրությանը կներկայացվի կրթության զարգացման համալիր ծրագիր մինչ 2030 թվականի համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», Կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ծրագրի ֆինանսական բաղադրիչին՝ նշեց, որ մի քանի տարի առաջ իրենց հիմնադրամի օգնությամբ հետազոտություններ են անցկացվել, և պարզվել է, որ կրթության ֆինանսավորման բանաձևը չի պարունակում որևէ որակական բաղադրիչ.

«Այն ամբողջությամբ հենված է քանակական ցուցանիշների վրա, և չի թույլ տալիս հասկանալ՝ որքան արժե որակյալ հանրակրթությունը Հայաստանում։ Երբ մեկ տարի առաջ սկսվեց ֆինանսավորման նոր բանաձևի մշակումը, այն նորից անցավ փակ դռների հետևում, և ներկայացված բանաձևը ոչինչ էր այն իմաստով, որ ուղղակի ցուցանիշների հաջորդականություն ներկայացնող մաթեմատիկական բանաձև էր։ Ես փորձեցի վերլուծել այդ բանաձևը, և եզրակացությունն այն է, որ այն կրկին հենված է քանակական ցուցանիշների համար, և կրկին չկա, թե ինչ է որակյալ հանրակրթությունը, ինչ պետք է անել դրա համար»։

Նրա խոսքով՝ թեև ըստ բանաձևի՝ ստացվում է, որ կրթության ֆինանսավորումը բավական աճում է, բայց հարցականները շատ են. «Նախկին բանաձևը շատ հնարավորություններ էր տալիս, այնտեղ տարբեր գործակիցներ կային, այս բանաձևում այդպիսիք չկան։ Սա հերթական ձևական ինչ-որ մի քայլ է, որը դեռ հասկանալի էլ չէ՝ կընդունվի՞, թե՞ ոչ։ Ասել՝ այս բանաձևը լա՞վն է, թե՞ ոչ, բարդ է, բայց այն, որ բանաձևը կրկին հենված չէ որակյալ կրթությանն ուղղված մեխանիզմներ ներդնելուն, ակնհայտ է։

Կարդացեք նաև

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ շարունակական փոփոխություններն օբյեկտիվ են, և այլ հարց է, որ դա արվում է շատ ձևական կամ փնթի ձևով.

«Ես թերահավատորեն եմ վերաբերվում իրականացվող փոփոխություններին՝ մի շարք պատճառներով։ Հնարավոր չէ շարունակաբար նվազեցվող ֆինանսավորմամբ լուծել ոլորտի խնդիրները։ Արվում են ձևական փոփոխություններ, բայց եթե շատ ուզենան էլ՝ այս ֆինանսավորման պայմաններում դժվար թե կարողանան ինչ-որ բան անել։ Բայց այս փոփոխությունների նկատմամբ ինձ հատկապես սկեպտիկ են դարձնում կոնցեպտուալ հարթության վրա եղած խնդիրները։ Օրինակ՝ ՀՀԿ-ականներին բնորոշ ծիրում է՝ ունենալ կրթություն, որը կիրառելի է միայն Հայաստանում։ Կրթությունը պետք է համամարդկային արժեք կարողանա փոխանցել դպրոցականներին, ուսանողներին»։

Այս խնդրի լուծումը Միրզոյանը պատկերացնում է հետևյալ ձևով. «Կրթությունը լինի հայալեզու, դասավանդվի հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և հայոց եկեղեցու պատմություն, եթե այն հայի ինքնության այդքան անքակտելի մաս է։ Մի նյուանս էլ կա, որ անհանգստացնող է. դպրոցն աստիճանաբար դառնում է ծխական դպրոցի մակարդակի։ Որոշ գրքերում հայոց եկեղեցու պատմությունը քարոզի է վերածվում։ Այս հարցը պետք է լուծվի»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս