Բաժիններ՝

«Կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ լուծում են միայն իրենց երեխաների կրթության խնդիրը». Սերոբ Խաչատրյան

«Ճիշտ է՝ ընդունում են, որ ծրագրերը ձախողվել են, խնդիրներ կան, բայց մինչև հիմա չեմ տեսել, որ ինչ-որ պաշտոնյա ասի, թե վատ են աշխատել։ Տեսեք՝ նույն դպրոցական խորհուրդները. ոչ մի պաշտոնյա չի ասում, որ ինքն է մեղավոր, որ դրանք լավ չեն աշխատում, այլ գցում են տնօրենների վրա։ Բայց ո՞վ է թողնում տնօրեններին այնպես անել, որ խորհուրդը լավ աշխատի, դրանք վերևներից են կառավարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա նկատեց, որ, թեև փոփոխություն արվեց, որով այսուհետ դպրոցի տնօրենների բարեկամները չեն կարող լինել խորհրդի անդամ, այսինքն՝ բարեկամը չքվեարկի բարեկամի օգտին, բայց ըստ նրա՝ խորհուրդը չի որոշում՝ ով լինի տնօրեն, այլ վերևներից են դա որոշում։

Ինչ վերաբերում է դպրոցների տնօրենների և ուսուցիչների կուսակցականացվածության ու քաղաքականացվածության խնդրին, փորձագետն առաջարկեց խուսափել այդ տերմինների կիրառումից.

«Կուսակցականացում խորհրդային տարիներին կար, երբ մի կուսակցություն էր։ Իսկ այն, ինչ այսօր արվում է՝ ավելի դաժան բան է, քան կուսակցականացումը։ Մարդիկ ունեն ընտրելու տարբեր տարբերակներ, բայց նրանց հնարավորություն չի տրվում։ Բոլոր տնօրենները, չգիտես՝ ինչու, որոշում են ՀՀԿ-ական դառնալ, դա ոչ թե կուսակցականացում է, այլ կուսակցության շահագործում, որովհետև այլընտրանք կա, բայց մարդկանց չեն թողնում ընտրություն կատարել»։

Կարդացեք նաև

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ կուսակցականացվածության արգելքը խնդրի լուծում չէ. «Ես չէի ուզենա, որ նախարարությունն արգելի տնօրենների կուսակցականացումը, ես դա լուծում չեմ համարում, որովհետև այդ դեպքում նրանք նույն ձևով կմանիպուլյացնեն անկուսակցական տնօրեններին։ Լուծումն այն է, որ Հայաստանում մի 100-200 տնօրեն ոտքի կանգնի ու ասի, որ դեմ է դրան։ Իրականում նրանք դեմ են, բայց վախենում են խոսել։ Կրթությունը պետք է նվաճի իր ազատությունը։ Հնարավոր  է՝ օրենքով արգելեն տնօրենների ու ուսուցիչների կուսակցականացումը, բայց դա լուծում չէ, որովհետև կրթական համակարգը պետք է ասի, որ պայքարում են։ Եթե քեզ ճնշում են, դու չես հակազդում, իրենք ճնշելու այլ ձևեր կգտնեն»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանն այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ուներ։ Նրա խոսքով՝ կուսակցականացվածության խնդրից զերծ չէ որևէ ոլորտ, և լուծումը տեսնում է համալիր ճանապարհով և ժողովրդի կողմից ընտրված իշխանության միջոցով։

Սերոբ Խաչատրյանն էլ հավելեց, որ կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ լուծում են միայն իրենց երեխաների կրթության խնդիրը. «Դեռևս չկա այն գիտակցումը, որ կրթությունն ունի հետ գալու հատկանիշը։ Այսինքն՝ եթե դու այսօր մտածում ես միայն քո երեխայի կրթության մասին, քո երեխան մասնավոր դպրոցներում է ստանում կրթություն, վաղը զրկվելով քո դիրքից՝ քո կառուցած կրթական համակարգը հարվածելու է քո երեխային։ Հայաստանում կրթության մասին մտածում են շատ նեղ՝ որ դպրոց ուղարկել, որ համալսարան ուղարկել։ Բայց լավն այն է, որ կա մարդկանց մի խումբ, որոնք պատրաստ են այս հարցերը բարձրաձայնել։ Եթե այդ մարդիկ կարողանան ձնագնդիի ձևով սոցիալական կապիտալ ձևավորել, ինչ-որ բան կփոխվի։

Այս խնդիրների լուծման երկու տարբերակ կա՝ կամ հասարակությունն է դիմադրում և պայքարում, կամ իշխանությունները չեն վախենում կորցնել իրենց իշխանությունն ու գնում են լուծումների։ Քաղաքակիրթ աշխարհում կուսակցությունները չեն վախենում պարտվելուց, մեր նման երկրներում այդ վախը կա, ու դրա պատճառով կրթական համակարգը թանկ գին է վճարում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս