Շիրակի մարզում բրուցելոզ կա. հիվանդ անասունի միսը վաճառվում է. 42 անձ վարակվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, armtimes.com-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անասնապահ` Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով: Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոցում:
Երեկ armtimes.com-ը կրկին ահազանգ ստացավ, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի եւս ընդունվել է Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր տեղեկությունները հիվանդանոցից հաստատեցին՝ նշելով, որ վարակված քաղաքացին Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է:
Հովիտի գյուղապետ Ավետիկ Սերոբյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածված վիրուսի մասին տեղյակ է: Այն, ըստ գյուղապետի, Հովիտում առկա է արդեն 3 տարի: Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի:
«Երեկ բրուցելոզով հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասում է գյուղապետը եւ տեղեկացնում, որ մորթի ենթարկված կենդանու միսը հանում են վաճառքի:
Գյուղում կա 500 գլուխ խոշոր եւ 1500 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում ստուգումների ենթարկվել են միայն խոշորները, իսկ մանրերից արյան նմուշառում չի կատարվել: Հովիտի գյուղապետը, թեեւ տեղեկացրեց, որ խնդրով դիմել է գյուղատնտեսության նախարարին, որպեսզի ոչխարները եւս ստուգումների ենթարկվեն:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղից armtimes.com-ին փոխանցում են, որ այս պահին մարզում բրուցելոզով վարակված 42 անձ կա, ովքեր հիվանդությունը ձեռք են բերել 2017 թվականի մարտից մինչեւ այս պահն ընկած ժամանակահատվածը: Կառույցի համաճարակաբանը փոխանցում է նաեւ, որ հիվանդության աճը պայմանավորված է նրանով, որ տարվա այս ժամանակահատվածում շփումը կենդանիների հետ բավականին շատ է:
«Անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սիմոն Պողոսյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ մարզում համաճարակ չկա, հիվանդությունը տարածված է միայն Հովիտում: Իրականացվում է համապատասխան աշխատանքներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: