Բաժիններ՝

«Քաթրինա»-ից վնասը գնահատած վերլուծաբանը «Հարվի»-ն ավելի ավերիչ է համարել

«Հարվի» փոթորիկը եւ Տեխաս նրա բերած ջրհեղեղը առնվազն նույնքան ավերիչ կլինեն, որքան եւ «Քաթրինա» փոթորիկը, որը 12 տարի առաջ ավերել է Հարավային Օռլեանը: Այս կանխատեսումը արել է Decision Economics-ի տնտեսագետ Քերի Լիհին:

2005 թվականին նա առաջիններից մեկը «Քաթրինա» փոթորկից միագումար վնասը գնահատեց 125 մլրդ դոլար՝ այն համարելով ամենամասշտաբային տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ: Այդ գնահատումը հետագայում հաստատվեց ամերիկյան իշխանությունների կողմից, գրում է MarketWatch-ը: Այժմ Լիհին կարծում է, որ «Հարվի» փոթորկից հետո տնտեսական կորուստները կարող են նույնիսկ գերազանցել 2005 թվականի վնասները: Նա ենթադրում է, որ «Հարվի»-ի հետեւանքների պատճառով ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կարող է դանդաղել 1 տոկոսային կետով կամ նույնիսկ ավելի մեծ չափով: «Հարվի»-ի ընդգրկած տարածքները համախառն արդյունքի եւ զբաղվածության տեսանկյունից 4-5 անգամ ավելի մեծ են, քան «Քաթրինա» փոթորկից տուժած Լուիզիանայի ծովափը»,-ասել է նա:

Ինչպես գրել է USA Today-ը, «Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին: AccuWeather մասնագիտացված պորտալի տվյալներով՝ փոթորկի հետեւանքները Տեխասի նահանգի տնտեսության համար շատ լուրջ կլինեն, դրանք ազդեցություն կունենան աշխատաշուկայի, բիզնեսի եւ ընկերությունների եկամուտների վրա:

RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները հայտնել են, որ «Հարվի» փոթորկի ընթացքում քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70-90 միլիարդ դոլար: Ըստ որում ընկերությունը ճշտում է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չէ, քանի որ անձրեւները շարունակվում են:

Reuters գործակալությունը հայտնել է, որ Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: Գործակալությունն ուսումնասիրել է Հարիսի եւ Գալվեսթոնի օկրուգների արբանյակային լուսանկարները, որոնց մի մասը ջրի տակ է անցել չդադարող անձրեւների պատճառով: Տվյալները հիմնվում են փոթորկից տուժած անշարժ գույքի միջին շուկայական արժեքի վրա, ճշտել է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ «Հարվիի» հասցրած վնասի վերջնական գումարը կլինի ավելի մեծ:

Մինչդեռ, ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, «Հարվի» փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային դեպրեսիայի կատեգորիա: Նրա տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Լուիզիանայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում եւ շարունակում է շարժվել դեպի մայրցամաքի խորքը: Քամու առավելագույն արագությունը տարերքի գոտում կազմում է վայրկյանում 15 մետր: Ընդսմին օդերեւութաբանները նշում են, որ փոթորկի բերած անձրեւները կշարունակվեն Տեխասի արեւելյան շրջաններում, ինչպես նաեւ Լուիզինայի արեւմուտքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս