Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ-ից կադրերի տեղափոխման մասին

Պաշտպանության նախարարությունից կադրերին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխելով՝ նախարար Դավիթ Տոնոյանն իր թիմն է ձևավորում:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ընդամենը 7 ամիս է, ինչ աշխատում է ԱԻՆ-ում և իրավունք ունի հավաքելու իր թիմը, որպեսզի կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք հնարավոր է պետական համակարգի, այդ թվում՝ ԱԻՆ-ի ճոխ ծախսերը կրճատել և հրդեհաշիջման տեխնիկա գնել, նախարարն ասաց. «Իսկ դուք գիտե՞ք ԱԻՆ-ի ծախսերը որոնք են, որ ճոխ եք գնահատում, ի՞նչ ճոխություն, իմ «Nissan Patrol»-ն է շքեղությո՞ւն՝ 2008 թ. արտադրության, դա շքեղություն չէ, միայն դրանով կկարողանայի 2500 մետր բարձրանալ»:

Խոսելով «Խոսրովի անտառի» և Արտավանի հրդեհների մասին՝ նախարարն ասաց, որ հրշեջները հրդեհաշիջման աշխատանքները կատարել են շատ արհեստավարժ և արիաբար, նրա գնահատմամբ՝ ուղղակի նկարագրելու չէ, թե ինչ արիությամբ են աշխատել:

«Հրդեհների այդ ծավալը մեզ համար որոշակի դժվարություններ ստեղծեց, բայց դա էլ հաղթահարվեց: Երկիրը, կառավարությունը միշտ պատրաստվում է այդպիսի աղետներին արձագանքելու համար: Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս միայն Ռուսաստանն ունի հրդեհաշիջման այդ կարողությունը, տեխնիկան: Ինքնաթիռի մեկ թռիչքով իրականացվում է նույն աշխատանքը, ինչ ուղղաթիռների 60 թռիչքով»,- հավաստիացրեց Դավիթ Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս