Բաժիններ՝

ԵՄ-ի բանակցորդը նախազգուշացրել է առանց համաձայնագրի հանրակցությունից Լոնդոնի դուրս գալու սպառնալիքի մասին

Brexit-ի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրամիության բանակցորդ Միշել Բառնիեն նախազգուշացրել է առանց համաձայնագրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սպառնալիքի մասին, եթե բանակցությունները չավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչեւ 2019 թվականի մարտի 29-ը։

«Բանակցությունների ավարտման ժամկետը լրանում է 2019 թվականի մարտի 29-ի կեսգիշերին: Եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի, Մեծ Բրիտանիան կարող է Եվրամիությունը լքել առանց պայմանավորվածությունների»,-ասել է նա Բրյուսելում կայացած բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

Ամփոփելով արդյունքները՝ Բառնիեն ընդգծել է, որ վճռորոշ առաջընթաց ձեռք չի բերվել հանգուցային հարցերից եւ ոչ մեկի շուրջ, թեեւ քննարկումը կառուցողական էր, մասնավորապես, Իռլանդիայի հետ անդրսահմանային ռեժիմի, ինչպես նաեւ ԵՄ-ի տարածքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների երաշխիքների շուրջ:

Միեւնույն ժամանակ Բառնիեն հերքել է լրագրողների այն տպավորությունը, թե ինքը «վրդովված է ու հիասթափված» բանակցությունների երրորդ փուլի արդյունքներից: «Ես հիասթափված չեմ, ես անհամբեր սպասում եմ արդյունքների: Եվ ես վրդովված չեմ, այլ լի եմ վճռականությամբ: Երբ ես վրդովված լինեմ, դուք դա կտեսնեք»,-խոստացել է Եվրամիության բանակցորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս