Ռուսաստան Մ-21-Հայաստան Մ-21. բարդ խաղ, բայց հաղթական տրամադրվածություն
«ՌԺԴ-Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի և հավաքականի կիսապաշտպան Հակոբ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
Արթուր Ոսկանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի հավաքականն ուժեղ մրցակից է, բայց իրենք աշխատելու են լավ խաղալ:
«Ցավոք, կան կորուստներ։ Երկու առանցքային ֆուտբոլիստ վնասվածքների պատճառով բացակայում են։ Պետրոս Ավետիսյանը և Էրիկ Վարդանյանը, որոնք մեծ ուժ էին հարձակման գծում։
Իհարկե, Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո տղաների մոտիվացիան էլ ավելի աճել է։ Մենք լավ թիմ ունենք, լավ ֆուտբոլիստներ ունենք։ Իրենք լավ են ճանաչում միմյանց, քանի որ հիմնականում երկու թիմերից են` «Փյունիկից» և «Բանանցից»։ Մենք կարող ենք լավ խաղ ցուցադրել, ինչը ցույց տվեցին երկու ընկերական խաղերը»,- նշում է Արթուր Ոսկանյանը։
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ յուրաքանչյուր խաղում իրենք դուրս են գալիս խաղադաշտ միայն հաղթելու համար:
«Կարևոր չէ՝ խաղը պաշտոնակա՞ն է, թե՞ ընկերական։ Նույնը վերաբերում է այս խաղին, կփորձենք հասնել առավելագույն արդյունքի։
Ռուսաստանի հավաքականը մեր խմբի ֆավորիտն է և շատ դժվար մրցակից է մեզ համար, բայց եթե մենք հստակ կատարենք մարզչի առաջադրանքները և խաղանք մեր խաղը, ապա կկարողանանք հաջողության հասնել։
Մենք դիտել ենք Ռուսաստանի հավաքականի խաղը։ Չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին, դժվար մրցակից է, և ծանր խաղ է լինելու»,- նշում է Հակոբ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան Մ-21-Հայաստան Մ-21 Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական հանդիպումը կայանալու է «ՌԺԴ-Արենա» մարզադաշտում այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան