
Կազմվել է հարյուրամյակի ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկը

Forbes ամսագիրը կազմել է վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, պատմության մեջ առանցքային դեր խաղացած հարյուր ռուսաստանցիների թվում են՝ Վլադիմիր Պուտինը, Յուրի Գագարինը, Միխայիլ Գորբաչովը, Ալլա Պուգաչովան և Լեոնիդ Բրեժնևը:
Նշվում է, որ ամսագրի խմբագրությունն ու փորձագետները ընտրել են ռուսների, ովքեր հսկայական ազդեցություն են գործել էկոնոմիկայի, բիզնեսի, գիտության, հասարակության և քաղաքականության վրա 1917-ից մինչև 2017թ.-ը:
Նրանց թվում են՝ Վլադիմիր Լենինն ու Լեոնիդ Բրեժնևը, Իվան Պավլովն ու Նիկոլայ Վավիլովը, Մայա Պլիսեցկայան և Ֆյոդոր Շալյապինը, Լեոնիդ Գայդայը և Սերգեյ Էյզենշտեյնը, ասվում է Ռուսաստանում Forbes-ը հրատարակող ACMG մեդիախմբի մամուլի հաղորդագրության մեջ:
Հարյուր ամենաազդեցիկ մարդկանց թվում են 21 ժամանակակիցներ, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինը, բալետի աստղ Միխայիլ Բարիշնիկովը, ֆիզիկոս Ժորես Ալֆյորովը, ВКонтакте-ի և Telegram-ի ստեղծող Պավել Դուրովը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հոկեյիստներ Ալեքսանդր Օվեչկինը և Վլադիսլավ Տրետյակը, երգչուհի Ալլա Պուգաչովան, մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ֆինանսների էքս-նախարար Ալեքսեյ Կուդրինն ու ուրիշներ:
Ցանկը հրապարակվել է ամսագրի սեպտեմբերյան համարում և Forbes-ի 100 տարին նախագծում: