Լավրովը և Զարիֆը քննարկել են միջուկային գործարքի կատարումը և Սիրիայի իրադրությունը
ՌԴ-ի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջավադ Զարիֆը օգոստոսի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը եւ Սիրիայի իրադրության կարգավորումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի գծով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման ընթացքը եւ Սիրիայի իրադրության կարգավորումն այն պայմանավորվածությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել Աստանայի գործընթացի շրջանակներում»,-տեղեկացրել են նախարարությունում: Զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: