Տեխասի բնակիչների ունեցվածքին «Հարվի» փոթորկի հասցրած վնասը կգերազանցի 23 մլրդ դոլարը. Reuters
Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: Օգոստոսի 30-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալությունն ուսումնասիրել է Հարիսի եւ Գալվեսթոնի օկրուգների արբանյակային լուսանկարները, որոնց մի մասը ջրի տակ է անցել չդադարող անձրեւների պատճառով: Տվյալները հիմնվում են փոթորկից տուժած անշարժ գույքի միջին շուկայական արժեքի վրա, ճշտել է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ «Հարվիի» հասցրած վնասի վերջնական գումարը կլինի ավելի մեծ:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել է, որ Տեխասում տարերային աղետի հետեւանքով վնասվել է 48 հազարից ավելի տուն: Դրանցից ավելի քան հազարը լիովին քանդվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: