Բաժիններ՝

Լավրովը Թիլերսոնի հետ զրույցում վտանգավոր է համարել ԿԺԴՀ-ի վրա ճնշման ուժեղացումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ օգոստոսի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը հակաարդյունավետ ու վտանգավոր է համարում պատժամիջոցներով ԿԺԴՀ-ի վրա ճնշման ուժեղացումը: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:

Քննարկվելով Հյուսիսային Կորեայի կողմից նախօրյակին իրականացված հրթիռային փորձարկման շուրջ ստեղծված իրադրությունը, կողմերն արձանագրել են, որ այդ քայլը դարձել է Փենյանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերի հերթական կոպիտ խախտումը: Լավրովը շեշտադրել է Կորեական թերակղզում լարվածության հաղթահարման քաղաքական-դիվանգիտական ուղիների որոնման այլընտրանքի բացակայությունը և ռազմական բնույթի ցանկացած քայլերից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով:

Բացի այդ, զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի այլ հրատապ հարցեր, այդ թվում՝ Սիրիայի իրադրության կարգավորման հեռանկարները եւ Պարսից ծոցի իրադրությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները և դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար: ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել է, որ «ԿԺԴՀ-ն անհապաղ դադարեցնի այն գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար», ինչպես նաև կատարի ավելի վաղ ընդունված բանաձևերը:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային արձակումը համարել է Փենյանի կողմից ԱՄՆ-ի Գուամ կղզուն, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում, հարված հասցնելու «նախերգանքը»: ԿԺԴՀ-ի իշխանությունները հավաստել են, որ օգոստոսի 29-ին փորձարկել են «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Արձակմանը ներկա է եղել նաև ինքը՝ Կիմ Չեն Ընը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս