
Հայաստանցի վարորդներին ՌԴ-ում չեն տուգանի

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը armtimes.com-ին հայտնել էր, որ օգոստոսի 18-ին
Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, և կողմերը համաձայնել են խնդիրը լուծելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում:
168.am-ի աղբյուրների համաձայն՝ մինչ Պետդուման կվերադառնա ամառային արձակուրդից, և հնարավոր կլինի կատարել այդ օրենսդրական փոփոխությունները, կամ այլ տարբերակով խնդրին վերջնական լուծում կտրվի հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետների հանդիպման ժամանակ, ժամանակավոր լուծում տալու նպատակով ներքին համաձայնություն է ձեռք բերվել վարչական վարույթը չկիրառելու մասին։
Այսինքն՝ հայկական վարորդական իրավունք ունեցողները չեն տուգանվի, և նրանց նկատմամբ Ռուսաստանում ճնշումներ չեն կիրառվի։ Խնդրով զբաղվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, որպեսզի հնարավորինս արագ և օպերատիվ լուծում տրվի։