Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Մեհման Ալիևի բողոքը. ընդդիմադիր գործիչը ձերբակալված կմնա
Բաքվի Յասամալի շրջանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 30-ին քննել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի բողոքը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դատարանը չի բավարարել Մեհման Ալիևի բողոքը և նա կշարունակի ձերբակալված մնալ:
Մեհման Ալիևի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունն անօրինական է, և հայտնել է, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով: Ադրբեջանի հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:
Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում: Մեհման Ալիևին սպառնում է 7 տարվա ազատազրկում: