Բաժիններ՝

ԱՄՆ-ի վրա 57 տրլն լիտր ջուր է տեղացել «Հարվի»-ի բերած անձրևների հետևանքով

ԱՄՆ-ի հարավում շուրջ 57 տրլն լիտր ջուր է տեղացել այն հորդառատ անձրեւների հետեւանքով, որն իր հետ բերել է «Հարվի»-ն: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:

Այն տեղումների քանակը չի նշել միլիմետրերով, այլ ծավալը ներկայացրել է բալոններով ու լիտրերով: Այսպես, հեռուստաալիքի տվյալներով, մինչեւ չորեքշաբթի օրվա վերջը ԱՄՆ-ի տարածքում փոթորկի պատճառով կտեղա եւս մինչեւ 23 տրլն լիտր ջուր: Ընդ որում՝ Fox News-ը նշում է, որ ԱՄՆ-ի հարավում արդեն գրանցված տեղումների քանակը կտեղավորվեր Օլիմպիական խաղերի 27 մլն լողավազաններում:

Երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը օգոստոսի 29-ին այս մասին հայտնել է, որ Տեխասի նահանգի քաղաքներից մեկում, որտեղով անցել է «Հարվի» փոթորիկը, տեղացած անձրեւների քանակը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում:

Ծառայության տվյալներով՝ մասնագետներն արձանագրել են, որ Մոնտ Բելվյու քաղաքի ջրանցքներից մեկում տեղումների քանակն օգոստոսի 29-ի կեսօրին հասել է 1320 միլիմետրի: Դա երկրի մայրցամաքային մասում ամենաբարձր ցուցանիշն է նման դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

The New York Times թերթը հայտնել է, որ Տեխասի նահանգում մոլեգնող «Հարվի» արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի: Պաշտոնական իշխանությունները դժվարանում են նշել տարերքի հարվածից զոհվածների ստույգ թիվը: Ինչպես ասված է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարհանման մասին կարգադրություն է ստացել 1,7 միլիոն մարդ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոթորկի հետեւանքների վերացումն ԱՄՆ-ի բյուջեի վրա ռեկորդային գումար կնստի երկրի ամբողջ պատմության ընթացքում:

«Հավանաբար, մեր երկրի պատմության մեջ երբեք ոչ մի այսքան թանկ արժեցող բան չի եղել, մենք երբեք ոչ մի այսքան պատմական բան չենք արել այսքան ավերիչ, այսքան դաժան հանգամանքներում, որքան «Հարվի» փոթորիկը»,- նշել Է պետության ղեկավարն Օսթին քաղաքում (Տեխասի նահանգ) իշխանությունների եւ փրկարարների հետ կայացած հանդիպմանը:

«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել է Լուիզիանայի նահանգի ծովափ: Փոթորիկների նախազգուշացման ԱՄՆ-ի ազգային կենտրոնի տվյալներով՝ «Հարվին» ցամաք Է ներխուժել Լուիզիանայի Քեմերոն բնակավայրից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում մոտավորապես 72 կիլոմետրի:

Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները նշել են, որ ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը երրորդ եռամսյակում կարող են 0,2 տոկոսային կետով նվազել «Հարվի» փոթորկի հետեւանքների պատճառով, սակայն Տեխասում ավերված օբյեկտների վերականգնման գործում ընդգրկուն պետական ներդրումները չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնեն նույն չափով:

Հեղեղումների եւ փոթորկալից քամիների պաճառած վնասի գնահատումներն առայժմ նախնական են եւ տատանվում են 43 միլիարդից մինչեւ 100 միլիարդ դոլարի սահմաններում: Տարերքն այս կամ չափով վնաս է հասցրել շուրջ 500 հազար մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս