Բաժիններ՝

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները Եվրոպայում բողոքի ակցիաներ են անցկացնելու

«Մուսավաթ» կուսակցության Եվրոպայի համակարգման կենտրոնը Եվրոպայի մի շարք խոշոր քաղաքներում պատրաստվում է կազմակերպել բողոքի ակցիաներ ի պաշտպանություն վերջերս Ադրբեջանում ձերբակալված Մեհման Ալիևի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Առաջին ակցիան նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 9-ին Նյուրնբերգում, մասնակիցները պահանջելու են ազատ արձակել Մեհման Ալիևին:

Բողոքի ակցիաները կազմակերպվելու են Եվրոպայի տարբեր խոշոր քաղաքներում գտնվող միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջև և դրանց մասնակցելու են Եվրոպայում քաղաքական ապաստան գտած ադրբեջանցի վտարանդիները:

Ակցիաների ընթացքում քաղաքական վտարանդիները նախատեսում են հանդիպել նաև Եվրախորհրդի պատգամավորների հետ:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել «Թուրան»-ում:

Մինչ այդ գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները պակաս է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել, և նախաքննություն էր ընթանում:

Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջով Ադրբեջանի կառավարությանը դիմել են տերբեր երկրների կառավարություններ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներ, սակայն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը դեռևս մնում է անդրդվելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս