
ՌԴ-ի Չելյաբինսկի մարզում սպանվել է հայազգի ձեռնարկատեր Կամո Հարությունյանը

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայազգի գործարար Կամո Հարությունյանին: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովը:
Նրա խոսքով՝ օգոստոսի 29-ի երեկոյան Շինարարների փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վերքերով:
«Այժմ պարզվում է կասկածյալի անձը եւ նրա ակտիվ հետախուզում էընթանում»,-ասել է Շիշկովը: Նա հավելել է, որ քրեական գործ է հարուցված «Սպանություն» հոդվածով:
Ինչպես «Լենտա.ռու»-ին պատմել է իրավապահ մարմինների մի աղբյուր, օգոստոսի 29-ի ուշ երեկոյան ձեռնարկատեր Կամո Հարությունյանը ավտոմեքենայով մոտեցել է իր տանը եւ, մեքենայից դուրս գալով, շարժվել դեպի մուտքը: «Այդ պահին նրան է մոտեցել անհայտ մեկը: Վկաների խոսքով՝ տղամարդկանց միջեւ կարճ վեճ է տեղի ունեցել: Այնուհետեւ անհայտ անձը հանել է ատրճանակը եւ կրակ բացել՝ արձակելով առնվազն տասը գնդակ»,-պատմել է «Լենտա.ռու»-ի զրուցակիցը:
Ստացած վերքերից Հարությունյանը մահացել է պատահարի վայրում, իսկ անհայտ անձը հեռացել է հանցագործության վայրից: Ըստ հիմնական վարկածի, սպանության պատճառ է դարձել բիզնեսի հետ կապված կոնֆլիկտը. զոհը եւ մարդասպանը ավելի վաղ ծանոթներ են եղել: Սակայն ստուգվում են հնարավոր այլ դրդապատճառներ, ճշտել է «Լենտա.ռու»-ի աղբյուրը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից մեկն էր: