Բաժիններ՝

Սպասվում է շոգ սեպտեմբեր

Սեպտեմբերի առաջին 10 օրը նորմայից 1-2 աստիճանով շոգ կլինի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ըստ որի, սպասվում է շոգ սեպտեմբեր:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի երկրորդ 10-օրյակից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի նվազել.

«Այնուամենայնիվ, եթե ամբողջ ամիսը միջինացնենք, ապա ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի: Սեպտեմբերի առաջին օրերին օդի ջերմաստիճանը հանրապետության ամենացածրադիր հատվածներում (Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում) կմոտենա 38-39 աստիճանի, իսկ երկրորդ 10-օրյակից աստիճանաբար կսկսի նվազել: Տեղումների քանակն էլ նորմայի սահմաններում է կանխատեսվում: Պետք է ասել, որ նորման շատ փոքր է, սեպտեմբերի և օգոստոսի տեղումների քանակը գրեթե նույնն են, շատ քիչ են լինում: Սեպտեմբերին գրեթե տեղումներ չեն լինելու, 1-2 անձրևը նորմայով լինում է, որովհետև սեպտեմբեր ամիսը, հատկապես Հայաստանի ցածրադիր հատվածում, համարվում է ամառ, ճիշտ է, օրացուցայինով մենք ասում ենք՝ աշուն է, բայց կլիմայական ցուցանիշներով՝ համարվում է ամառ, և միայն հանրապետության լեռնային շրջաններում է, որ արդեն երկրորդ 10-օրյակից զգացվում է աշնան շունչը, իսկ հովտային գոտում ընդհանրապես մինչև ամսվա վերջ ամառ է համարվում»:

Հարցին՝ համեմատած նախորդ տարիների հետ՝ ինչքանո՞վ է այդ ջերմային ֆոնը նորմալ համարվում, Գ. Սուրենյանն այսպես պատասխանեց.

«Նորմալը նորմալ չէ, բայց երևույթն աննախադեպ չէ, ունեցել ենք շատ տարիներ, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակը հատկապես շատ շոգ է եղել: Նույնիսկ 2006 թվականին սեպտեմբերի 1-ին 40 աստիճան է գրանցվել Երևանում: Այնպես չէ, որ առաջին անգամ է նման բան լինելու, բայց ամեն դեպքում նորմայից բարձր է: Սեպտեմբերի առաջին օրերին նորմայով պետք է լինի 30-32 աստիճան»:

Գ. Սուրենյանը նկատեց, որ հիմա օդի ջերմաստիճանը 37 աստիճանի սահմաններում է, ինչը նշանակում է, որ ջերմաստիճանի բարձրացում է տեղի ունենալու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս