Բաժիններ՝

Վենետիկում բացվում է 74-րդ միջազգային կինոփառատոնը

Վենետիկի կինոփառատոնն օգոստոսի 30-ին կմեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Ավելի կարճ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։

Ինչպես նշվում է ստուգատեսի կատալոգում, այդ կինոնկարն այն մասին է, թե ինչպես ընտանեկան զույգը՝ Մեթ Դեյմոնի եւ Քրիսթեն Ուիգի կատարմամբ, ձգտելով ավելի լավ կյանքի, որոշում է դիմել իրենց հասակը նվազեցնելու վտանգավոր գիտափորձին: Ըստ սցենարի, գիտնականները այդ կերպ են առաջարկում պայքարել մոլորակի գերբնակեցմամբ պայմանավորված համաշխարհային ճգնաժամի դեմ:

Վենետիկում այս տարի վերստին սպասում են Ջորջ Քլունիին, որը քանիցս մասնակցել է ստուգատեսին թե՛ դերասանի, թե՛ ռեժիսորի կարգավիճակում: Այս անգամ նա կներկայացնի իր նոր՝ թվով յոթերորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Սուբուրբիկոն»-ը: Նրա հետ միասին կարմիր ուղեգորգով պետք է անցնեն Մեթ Դեյմոնը եւ Ջուլիանա Մուրը, որոնք կատարել են գլխավոր դերերը:

Մրցութային ծրագրում ներառված Դարեն Արոնոֆսկու «Մայրը» ժապավենում զբաղված են Խավիեր Բարդեմը, Ջենիֆեր Լոուրենսը եւ Միշել Պֆայֆերը: Մեքսիկացի Գիլիերմո դել Տորոն կներկայացնի «Ջրի ձեւը» ֆիլմ-հեքիաթը հասարակ աղջկա եւ երկկենցաղ մարդու սիրային պատմության մասին:

Մրցույթի վավերագրական ֆիլմերից մեկն արծարծում է միգրացիայի հրատապ թեման: Դրա հեղինակը չինացի նկարիչ եւ ճարտարապետ Այ Վեյվեյն է: Ընդամենը գլխավոր պարգեւին հավակնելու է 21 ժապավեն: Եվս 19 կինոնկար է հայտարարված «Հորիզոններ» երկրորդ մրցութային ծրագրում:

Միջազգային ժյուրին, որը կորոշի գլխավոր մրցանակների՝ Սուրբ Մարկոսի ոսկե եւ արծաթե առյուծների տերերին, ինչպես նաեւ լավագույն դերակատարներին, կգլխավորի ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը: Կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծները» շնորհվել են ամերկիկացի դերասաններ Ջեյն Ֆոնդային եւ Ռոբերտ Ռեդֆորդին, որոնք հանդիսականներին կներկայանան «Մեր հոգիները գիշերում» նոր ֆիլմում: Այդ կինոնկարը ցուցադրվելու է մրցույթից դուրս:

Կինոստուգատեսը կփակվի ճապոնացի Տակեսի Կիտանոյի նոր աշխատանքի պրեմիերայով, որը երրորդ ֆիլմը կներկայացնի 2010 թվականին իր կողմից սկսված «Կամայականություն» եռերգությունից:

Այս տարվա նորույթներից Էէվիրտուալ իրականությանը նվիրված մրցույթը: Դրան մասնակցում են 22 փորձարարական աշխատանքներ:

Վենետիկում կկայանա «Սուբուրա» նոր հեռուստատեսային ֆիլմի պրեմիերան: Դրա ստեղծողների թվում է դերասան եւ ռեժիսոր Միկելե Պլաչիդոն: Կինոփառատոնի բացման եւ փակման արարողությունները վարելու է 30-ամյա իտալացի Ալեսանդրո Բորգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս