ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում տեղյակ չեն՝ Իսրայելն արգելե՞լ է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին։ Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il-ը։
Հրապարակման մեջ հստակ չի նշվում, թե որ երկիրն է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն նշվում է, որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը։ Պարբերականի տեղեկություններով՝ Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի, ունի երկու հաճախորդ՝ Սերբիան և Ադրբեջան, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան։ Այսինքն՝ գնորդը, որին արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է։
Armtimes.com-ն այս տեղեկության վերաբերյալ զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ նման տեղեկատվություն չունի։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ փոխանցեց, որ այդ տեղեկությունը հրապարակել է ընդամենը մեկ լրատվամիջոց, ԱԳՆ-ում այն ուսումնասիրում են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: