Բաժիններ՝

ՄԱԿ-ում կանխատեսում են, որ «Հարվի» փոթորիկը չի հանդարտվի ևս մի քանի օր

ԱՄՆ-ի ընդարձակ տարածքներ ընդգրկած «Հարվի» փոթորիկը չի հանդարտվի եւս մի քանի օր: Այս կանխատեսամբ օգոստոսի 29-ին հանդես է եկել Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություններից մեկն է:

«ՕՀԿ-ի տեսանկյունից՝ դա մղձավանջային սցենար է: Այն ծավալվում է մի քանի օր եւ կշարունակվի եւս մի քանի օր,-Ժնեւում կայացած բրիֆինգում հայտարարել է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը:- Տարերքը մոլեգնում է վիթխարի տարածքում, որն իր մակերեսով հավասար է Իսպանիային»:

ՕՀԿ-ում «Հարվի»-ի հետ կապված իրադրությունը գնահատում են որպես «բացառիկ», քանի որ «վերջին օրերին այն գտնվում է մոտավորապես նույն վայրում, ինչը խիստ անսովոր է»: «Սակայն մենք չենք կարող ասել, որ դա կլիմայի փոփոխման հետեւանք է»,-պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը:

ՕՀԿ-ում սպասում են, որ առատ անձրեւները «կբարդացնեն ինչպես Տեխասի հարավարեւելյան մասի, այնպես էլ Լուիզիանայի մի քանի շրջանների իրադրությունը»:  Մինչ այդ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 14-ի, ինչի մասին հայտնել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը: Փրկարարները շարունակում են տեղի բնակիչների տարհանումը տարերքից առավել տուժած շրջաններից:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը փրկվել եւ ժամանակավոր տեղավորման կետեր են ուղարկվել հազարավոր մարդիկ:  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Հարվի» փոթորիկը, որը մոլեգնում է երկրի հարավում եւ սաստիկ հեղեղումներ է առաջացրել, որակել է պատմական:

«Մենք լիակատար աջակցություն ենք խոստանում Տեխասին եւ Լուիզիանային, որոնք վերականգնվում են ավերիչ եւ պատմական փոթորկից հետո: Հնարավոր է՝ նման բան դեռ չի եղել»,- ասել է Թրամփը: «Բոլոր ռեսուրսները, որոնք ես ունեմ, կլինեն տեղի իշխանությունների տնօրինության տակ»,- հավաստիացրել է պետության ղեկավարը:

Թրամփը հիշեցրել է, որ 8,5 հազար ֆեդերալ ծառայողներ օգնում են պայքարելու արտակարգ իրավիճակի դեմ:  Իր հերթին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը այն կարծիքն է հայտնել, որ Տեխասի այն բնակիչների թիվը, որոնց օգնություն կպահանջվի «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման հարցում, կարող է հասնել կես միլիոնի:

«Հարվի» փոթորկից տուժած շուրջ 22 հազար մարդ արդեն դիմել է օգնություն տրամադրելու խնդրանքով, իսկ այն մարդկանց թիվը, որոնց օգնություն կպահանջվի, հնարավոր է՝ հասնի կես միլիոնի՝ հաշվի առնելով տարերային աղետի մասշտաբները»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս