Խոլեստերինի բարձր մակարդակ. 10 նշան, որ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
Steptohealth.ru-ն գրում է, որ խոլեստերինը հարկավոր է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության համար։ Սակայն դրա ավելորդ կուտակումը հանգեցնում է լուրջ խանգարումների և իսկապես վտանգավոր է դառնում։ Ամենավատն այն է, որ մարդկանց մի ստվար զանգված չի իմանում այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է։ Սա աստիճանաբար հանգեցնում է լուրջ խանգարումների, ինչպիսիք են հիպերտոնիան, երիկամային անբավարարությունը և այլն։ Շատ կարևոր է իմանալ, թե օրգանիզմի ուղարկած որ նշաններն են վկայում այն մասին, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակը թույլատրելիից բարձր է։
1. Վերջույթների այտուցներ և թմրածություն։ Սա արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի վաղ նշաններից մեկն է։ Այս ռեակցիան առաջանում է այն պատճառով, որ կուտակված լիպիդները խանգարում են արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նվազեցնելով թթվածնի և սննդարար նյութերի հոսքը մկաններ։
2. Տհաճ հոտ բերանից։ Սա բավական տարածված նշան է այն անձանց շրջանում, ովքեր խոլեստերինի մակարդակի հետ խնդիրներ ունեն։ Քանի որ այս նյութն արտադրվում է լյարդի կողմից, դրա կուտակումը հանգեցնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարման, ինչն իր հերթին՝ բերանի չորության և տհաճ հոտի առաջացման պատճառ է դառնում։
3. Որովայնի գրգռվածություն և ծանրության զգացում։ Արյան մեջ վատ խոլեստերի մակարդակի բարձր մակարդակի դեպքում որովայնում ծանրության զգացում է առաջանում, գրգռվածություն։ Արյան մեջ և լյարդում լիպիդների ավելորդ քանակը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա և խոչընդոտում է սննդի մշակմանը, հատկապես մեծ քանակով ճարպ պարունակող մթերքի օգտագործման դեպքում։
4. Գլխապտույտ և գլխացավեր։ Քանի որ խոլեստերինը կուտակվում է անոթներում, արյան շրջանառությունը վատանում է, ինչի արդյունքում բջիջներն ավելի քիչ թթվածին են ստանում։ Սրա հետևանքով կարող են նկատվել գլխապտույտ, ուժեղ գլխացավեր։
5. Տեսողության հետ կապված խնդիրներ։ Արյան մեջ խոլեստերինի անթույլատրելիմակարդակը կարող է հանգեցնել նաև տեսողության հետ կապված խնդիրների։ Հաճախ հիվանդները բողոքում են տեսողության մթագնումից, նրանց անհանգստացնում է աչքերի գրգռվածությունը կամ դեղին գույնը։
6. Փորկապություն։ Ինչպես արդեն նշվեց, լիպիդների ավելորդ կուտակումը հանգեցնում է նյութափոխանակության խանգարման։ Աղիների աշխատանքը դանդաղում է, ինչի հետևանքով հաճախ կարող է փորկապություն առաջանալ։ Իհարկե, փորկապությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, հատկապես, եթե այն ուղեկցվում է նշված մյուս խնդիրներով։
7. Ցավ կրծքերում։ Սա շատ լուրջ նշան է, որ հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև խոլեստերինի բարձր մակարդակով։ Երակներում ճարպերի կուտակումը դժվարացնում է սրտի աշխատանքը, արյան մատակարումը դժվարանում է, և ճնշումը կարող է բարձրանալ։
8. Հոգնածություն և թուլություն։ Հոգնածության, թուլության, քնելու մշտական ցանկության առկայությունը վկայում են այն մասին, որ օրգանիզմին չեն բավարարում սննդարար նյութերը, ֆիզիկական ակտիվության մակարդակը չափազանց մեծ է, առկա է որևէ հիվանդություն։ Եթե այս նշանները մշտապես ուղեկցում են ձեզ, ուշադիր եղեք, քանի որ դրանց առկայությունը կարող է վկայել խոլեստերինի բարձր մակարդակի մասին։
9. Մաշկային խնդիրներ։ Ցանի և մաշկային այլ խնդիրների առկայությունը ևս կարող են վկայել օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին։ Մաշկի վրա կարող եք կարմրություն, գրգռվածություն նկատել։
10. Որոշակի սնունդ յուրացնելու անկարողություն։ Եթե հանկարծակի սկսել եք որոշակի սնունդ յուրացնելու անկարողություն զգալ, խնդիրը կարող է խոլեստերինի անթույլատրելի մակարդակը լինել։ Այո՛, պատճառները կարող են բազմաթիվ լինել, սակայն չի կարելի մոռանալ նաև երակներում և լյարդում ճարպերի կուտակման մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը