«Ընկնող աստղերն ինձ համար հրաշք էին…». Լիլիթ Մելիքյան
Qahana.am կայքը շարունակում է հրապարակել «Կենաց Ծառը» խորագիրը կրող հարցազրույցների շարքը: Շարքի նպատակն է ներկայացնելու ամենատարբեր մարդկանց հայացքներն՝ ուղղված կյանքին, աշխարհին, մարդկությանը և իրենք իրենց: Այս անգամ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի խոհերը:
Երբ ես ծնվեցի, ուրախացա:
Մեր ընտանիքը շատ մեծ էր, և տունը, ուր անցել է մանկությունս, շատ ուրախ էր: Ամեն կիրակի տատիկ-պապիկը գալիս էին մեզ մոտ, գալիս էին նաև ընտանիքի բարեկամները. ցեղը հավաքվում էր: Մենք երգում էինք, մենք լսում էինք: Տատիկ-պապիկի օրինակով եմ սովորել, որ կյանքի օրոք այնպես պետք է դաստիարակես երեխաներիդ, որ մահվանիցդ հետո նրանք իրար հետ լինեն, կապը պահեն, ընկեր-բարեկամ մնան:
Աստված մարդուն ստեղծել է Իր նմանությամբ, և իմ հայրը դրա ապացույցն է: Հորս համարում եմ շատ քիչ հանդիպող կատարյալ մարդկանցից. ամենաճիշտ որակները կան նրա մեջ:
Ընկնող աստղերն ինձ համար հրաշք էին. դպրոցահասակ երեխա էի, երբ առաջին անգամ աստղաթափ երկինք տեսա: Հիմա հրաշք եմ համարում երեխա աշխարհ բերելը: Թե ինչպես է մարդու մեջ մեկ այլ մարդ զարգանում. այս երևույթն ինձ համար հրաշք է:
Լռել կարողանալը, լռելու մշակույթը լավագույն դասն է, որ ժառանգել եմ ծնողներիցս, նաև բացասական լիցքերը չպահել ու բացասական պատասխաններ չտալ: Հայրս ժամանակին շատ լավ է բացատրել. երբ վատությանը վատությամբ ես պատասխանում պակասեցնում ես քեզ վատություն անողին հասանելիք պատիժը, իսկ քեզ վրա մեղքեր ես ավելացնում: Երբեք չպետք է մտնել դրա մեջ ու փորձել պատասխան տալ:
Երբ առաջին անգամ Աստվածաշունչ կարդացի՝ բավականին հասուն մարդ էի արդեն: Կարդալուն ինձ ուղղորդել էր մի մարդ, ընդամենը պատմելով Հոբի փորձությունների մասին: Արվեստի միջոցով ծանոթ էի այս պատմությանը. գնացի տուն, կարդացի այդ հատվածը: Դրանից հետո սեղանիս գիրքն Աստվածաշունչն է. ժամանակի հետ մյուս բոլոր գրքերն արժեզրկվում են…
Սերը, աշխատանքն ու մարդը այն երևույթներն են, ինչի վրա հիմնված է կյանքս: Մարդիկ կամ սիրող են ծնվում, կամ՝ չսիրող. երբ սեր ունես, սիրում ես ամեն ինչ՝ կյանքը, մարդկանց, երեխաներին, աշխատանքդ: Անսերության մեջ կյանքն անիմաստ է: Ես այն քիչ երջանիկներից եմ, որ գտել է՝ ինչով պիտի զբաղվի: Ինձ համար կարևոր է մարդկային շփումը, մարդ երևույթն առհասարակ՝ իր գաղտնիքներով, սիրելու և հիասթափվելու ունակությամբ:
Հուսահատության պահերին սուրճ եմ խմում: Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ հաջորդը կարող է ավելի դժվար լինել:
Կյանքը լիարժեք է, երբ սիրո մեջ ես ու ժպտում ես:
Շատ եմ մտածում մահվան մասին, թեև գիտեմ, որ պետք չէ: Առաջ շատ էի ուզում շուտ մահանալ, բայց հիմա ապրելու շատ իմաստներ ունեմ, շատ եմ ուզում ապրել: Մարդը սկսում է մահանալ, երբ կորցնում է պիտանելիությունը:
Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում այն բոլոր վայրերում, որոնք կապված են ծննդի ու մահվան հետ: Երբ այն վայրերում ես, որոնք սկզբի ու վերջի հետ են կապված, միտքդ Աստծո հետ է:
Հոգիս մեծ կապ ունի բնության հետ: Ես ինձ կատարյալ երջանիկ եմ զգում Արցախում. հողի վրա պառկել, նայել երկնքին: Առաջ դա անգիտակից էի անում, հետո հասկացա, որ այն, ինչ երեխա ժամանակ արել եմ, ամենաճիշտն է: Մարդը պիտի հողի հետ առնչվի:
Կյանքիս գլխավոր ձեռքբերումը երեխաս է:
Մարդիկ դադարել են երջանիկ լինել նյութապաշտության հետևաքով; Ու երբ գտնում ես վայրեր, ուր նյութապաշտությունը քիչ է, դա էլ հենց լավ ու երանելի աշխարհն է: Ես ինձ համար ստեղծել եմ նման աշխարհ, դա «Տերյան» կենտրոնն է:
Մարդկությունն այսօր ամենաշատը կարիք ունի հասկացողության:
Դրախտն իմ պատկերացմամբ պիտի գտնես կյանքի օրոք:
Քրիստոսից 2000 տարի անց մենք դեռ իմաստությունը չենք գտել: Մարդիկ դեռ փնտրտուքի մեջ են:
Հեղինակ՝ Ա. Պողոսյան