Ջեմ Օզդեմիրը կոչ է արել թուրք ուսուցիչներին թույլ չտալ դասավանդել գերմանական դպրոցներում
Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել արգելել ծագումով թուրք ուսուցիչների դասավանդումը գերմանական դպրոցներում: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Ջեմ Օզդեմիրն այդ ամենը պատճառաբանել է նրանով, որ ծագումով թուրք ուսուցիչները կարող են լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետամնաց, կրոնամոլ և ազգայնական հայացքների կրողներ և այդ ամենը փոխանցեն գերմանական դպրոցների աշակերտներին:
Ջեմ Օզդեմիրը մեծ ներդրում է ունեցել Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության և ընդունման գործում:
Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո Օզդեմիրը թուրքական կողմից ստացել է բազմաթիվ սպառնալիքներ և վիրավորանքներ:
Նախորդ շաբաթ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքը Գերմանիայի խորհրդարանում Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան: Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը` որպես ամոթ»: