ԳՖՀ-ի կառավարությունը մեկնաբանել է Զիգմար Գաբրիելի՝ Թուրքիա ուղևորություններից խուսափելու կոչը
Թուրքիա ուղևորությունների մասին որոշումն ընդունում են բացառապես Գերմանիայի քաղաքացիները, առաջարկվում է ուշադիր ուսումնասիրել ԱԳ նախարարության հանձնարարականները: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը՝ մեկնաբանելով արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի՝ ավելի վաղ արված կոչը՝ հրաժարվել Թուրքիա ուղևորություններից:
«Թուրքիա ուղևորությունների մասին որոշումը պետք է ընդունեն քաղաքացիներն իրենք: ԳՖՀ-ի ԱԳ նախարարության կողմից հանձնարարականներ կան ուղևորությունների վերաբերյալ, իմաստ ունի դրանք ընթերցել հիմնավորապես»,- ասել է Զայբերտը:
ԳՖՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Անգբարդը, որը նույնպես ներկա է եղել ճեպազրույցին, իր հերթին նշել է, որ «ԳՖՀ-ի արտգործնախարարությունը չի հայտարարել, թե անհրաժեշտ է ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից»:
Ավելի վաղ BILD տաբլոիդին տված հարցազրույցում Գաբրիելը հայտարարել էր, որ «ներկայում անկարելի է հանգիստ խղճով» ճանապարհորդել Թուրքիայում ձերբակալման բարձր ռիսկի կապակցությամբ: Նախարարի խոսքով՝ առանձնակի վտանգի են ենթարկվում ոչ միայն լրագրողները, այլև Գերմանիայի շարքային քաղաքացիները, քանի որ Անկարայում ահաբեկիչ կամ Գյուլենի շարժման հետևորդ է համարվում յուրաքանչյուրը, ով համաձայն չէ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP-ի