
Երևանի քաղաքապետարանը 11 մլն 850 հազար դրամի կոնյակ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 հատ կոնյակ է գնել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ: Կոնյակները, պարզվում է, նախատեսված են «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար: Տեխնիկական բնութագրում նշված է, որ քաղաքապետարանը պահանջում է, որ կոնյակը լինի «Էրեբունի-Երևան- 2799» հոբելյանական լոգոյով գրվածքով: Ի դեպ, քաղաքապետարանը պահանջել է նաև, որ կոնյակներն ունենան 10 տարվա հնեցում:
Փաստորեն, մի երկրում, որտեղ ամեն երրորդ բնակիչը պաշտոնական տվյալներով աղքատ է, որի բանակը հակառակորդի դեմ կռվում է 80-ականների զենքով, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի համապատասխան տեխնիկասարքավորումներ՝ հրդեհները հանգցնելու համար, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանն իր հաճույքի համար շռայլ ծախսեր է անում՝ այդպես մսխելով համայնքի բյուջեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: