
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, թե ինչու Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այն կարծիքին է, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ այդ երկրում իշխանության գլուխ է նախագահ Թայիփ Էրդողանը: «Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, բայց Թուրքիայի կառավարությունը Էրդողանի օրոք արագորեն հեռանում է Եվրոպայից… Միանգամայն պարզ է, որ Թուրքիան ներկա վիճակում Եվրամիության անդամ չի դառնա»,- ասել է Գաբրիելը Bild թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի քաղաքականությունը որակել է դիկտատորական և հայտարարել, որ երկրի այդ ղեկավարությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը անհնարին կլինի նաև 2023 թվականին:
«Նախագահ Էրդողանը որոշակիորեն դիկտատորական գծեր է դրսևորում: Այն, թե ինչպես է նա վարվում քննադատների, այլախոհների եւ փոքրամասնությունների հետ, բացարձակապես անընդունելի է»,- ասել է Կուրցը:
Նախարարը, որն այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, համոզված է, որ «այդ երկիրն ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետևանքներն անաշիվ կլինեն, և, բացի դրանից, միացումը կխաթարի Եվրամիության կլանման ունակությունը»:
Նա նաև պաշտպանել է Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս Անկարայի հետ մաքսային միության ընդլայնման դեմ: «Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը և ժողովրդավարական հիմնարար արժեքները ներկայում սիստեմատիկաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական է»,- հայտարարել է Կուրցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: