Ռուսաստանը զենքի ու ռազմական տեխնիկայի ավելի քան 600 նմուշ է փորձարկել Սիրիայում
Ռուսաստանը զենքի ու ռազմական տեխնիկայի ավելի քան 600 նմուշ է փորձարկել Սիրիայում, այդ թվում՝ խոցման նոր ավիացիոն միջոցներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ): Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Գործնականում բոլոր նոր նմուշները, բոլոր նորույթներն անցել են սիրիական հակամարտության միջով, որպեսզի հնարավորություն ունենանք տեսնելու, թե ինչպիսին են դրանց իրական բնութագրերը, ինչպես է իրեն դրսեւորում սպառազինությունը: Մենք ավելի քան 600 զինանմուշ ենք փորձարկել սիրիական հակամարտության ընթացքում»,- ասել է Բորիսովը՝ օգոստոսի 24-ին «Բանակ-2017» համաժողովում հանդես գալով մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ փորձարկվել է ավիացիոն նոր տեխնիկա, խոցման նոր միջոցներ, ՀԿՌՀ, պաշտպանված ավտոմեքենաներ, նոր հանդերձանք:
«Մի շարք նմուշներից մեզ հարկ եղավ հրաժարվել, որովհետեւ պրակտիկան ցույց տվեց, որ դրանք չբավարարեցին այն պահանջները, որոնք նրանց ներկայացվել էին»,- ասել է Բորիսովը:
Նա հավելել է, որ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում մշտապես ներկա են այն արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները, որոնք նշում են դիտողությունները կամ վերացնում նկատված թերությունները: