Բացառումների և սահմանափակումների մեխանիզմն արգելակում է ԵԱՏՄ-ի ինտեգրացման խորացումը. Շուվալով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում բացառումների եւ սահմանափակումների մեխանիզմը, որը պետություններն օգտագործում են իրենց տնտեսությունների պաշտպանության համար, լուրջ խոչընդոտ է միավորման ինտեգրացումը խորացնելու համար: Օգոստոսի 24-ին այս կարծիքն է հայտնել ՌԴ-ի կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը՝ Աստանայում ելույթ ունենալով «Եվրասիական շաբաթ» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ տնտեսական պայմաններն արագորեն փոխվում են, ևւ այսօր բացառումներին և սահմանափակումներին անհրաժեշտ է նայել միանգամայն այլ կերպ: «Մեծ հաշվով, դա այժմ առավել խոչընդոտող միջավայրն է մեզ համար, և նախկինի պես ազգային բյուրոկրատիաները, ազգային կառավարությունները պաշտպանում են այն գաղափարը, որ մենք պայմանագրում խնդիր ունենք մինչև 2025 թվականն ազատվել այդ սահմանափակումներից, դե մինչև 2025 թվականն էլ կազատվենք, շտապելու հարկ չկա»,- պարզաբանել է ՌԴ-ի առաջին փոխվարչապետը:
Նրա կարծիքով՝ այժմ ԵԱՏՄ-ի երկրները պետք է կատարեն ընտրություն. պաշտպանել ազգային տնտեսությունները, թե ստեղծել միասնական շուկա: «Մենք պետք է հասկանանք, թե մեր ազգային տնտեսությունների համար որտեղ է այնուամենայնիվ ավելի մեծ օգուտը. պատշպանել պահպանողական միջավայրը որոշակի ճյուղերի համար, թե միասնական շուկան ստեղծել ավելի արագ, քան մինչև 2025 թվականը,- ընդգծել է Շուվալովը: