
Քրեական գործ՝ Լոռիում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով. 9-ամյա երեխան տեղում մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ժամը 14:30-ի սահմաններում, Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում բախվել են Է.Վարդումյանի վարած «Օպել Աստրա 1.6» մակնիշի և Մ. Վարոսյանի վարած «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել Աստրա 1.6» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գագիկ Վարդումյանը՝ ծնված 1959թ., և 9-ամյա երեխան տեղում մահացել են, իսկ վարորդը և երեք ուղևորները, ինչպես նաև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի վարորդը և 2 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական ու դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: