Բաժիններ՝

Մարտին Շուլցը Էրդողանից պահանջել է չխառնվել Գերմանիայի ներքին գործերին

Գերմացիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը կրկին կոշտ ձևով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: Մարտին Շուլցը Էրդողանից պահանջել է չխառնվել Գերմանիայի ներքին գործերին:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Ռոթն էլ նշել է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը պետք է ավելի խստացնել:

Մարտին Շուլցը նաև բոլորի ուշադրությունը հրավիրել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի կնոջը հեռախոսով ահաբեկելու, Դաշնային պատգամավոր, թուրք-գերմանական համատեղ խորհրդարանական խմբի նախագահ Միշել Մունտերֆինգ մեքենայի վրա հարձակման դեպքերին:

Անդրադառնալով այս դեպքերին ՝ ՍԴԿ նախագահը ասել է. «Հստակ չգիտենք, թե ով է կանգնած այս ամենի հետևում, բայց գիտակցում ենք, որ որքան մեծանա Թուրքիայի հետ լարվածությունը, նմանօրինակ դեպքերը հաճախակի են դառնալու»:

Գերմանական dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Զիգմար Գաբրիելն ասել էր. «Էրդողանի ոճն է, հայտնի է, որ ոմանք փորձում են նեղել կնոջս, անհանգստացնելու և խանգարելու նպատակ են հետապնդում»:

Զիգմար Գաբրիելի ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները տեղ են գտել նաև Rheinpfalz թերթում: Զիգմար Գաբրիելը թերթին տված հարցազրույցում կրկին նշել էր, որ Էրդողանի և իր միջև առկա հակասությունների ընթացքում իր կինը սպառնալիքի տակ է: «Կինս, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, իր ձայնային փոստին սպառնալից հաղորդագրություններ է ստացել»,- թերթի հետ զրույցում նշել էր նախարարը:

«Էրդողանը Թուրքիան վերածել է ոչ ժողովրդավար երկրի: Մեկ տարի առաջ նա քննադատում էր տեղի ունեցած հեղաշրջման փորձը, բայց հիմա նա իր սեփական հեղաշրջումն է իրականացնում՝ երկիրը տանելով դեպի բռնապետություն»,- անդրադառնալով Թուրքիայի ներքին իրավիճակին՝ ասել էր Զիգմար Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարը հավելել էր նաև, որ Էրդողանի հակառակորդների համար ավելի դժվար ժամանակներ են գալիս, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն իրականացնել:

«Թուրքիայի կեսից ավելին ժողովրդավարության կողմնակից է և չի աջակցում Էրդողանին»,- ասել է նախարարը: «Կարծում եմ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս