Բաժիններ՝

Թուրքիայում Գերմանիայի դեսպանն այցելել է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը օգոստոսի 23-ին այցելել է Թուրքիայի Սիլիվրիի բանտում բանտարկված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնում է գերմանական DW-ն:

Գերմանիայի դեսպանն այցելել է նաև նույն բանտում ազատազրկման պատիժ կրող գերմանացի իրավապաշտպան Պիտեր Սթուդտներին:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Գերմանացի իրավապաշտպան Պիտեր Սթուդտներն էլ ձերբակալվել է հուլիսի 5-ին, Թուրքիայում թուրք իրավապաշտպանների համար սեմինար անցկացնելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս