Բաժիններ՝

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հրշեջ-փրկարարներին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Բելառուսի հրշեջ-փրկարարներին Բորժոմի կիրճում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) հրդեշիջմանը օգնություն ցուցաբերելու համար:

Պետության ղեկավարն օգոստոսի 23-ին ժամանել է հրդեհի գոտի և անձամբ ծանոթացել իրադրությանը: Անտառում հրդեհի մարմանը, որը մոլեգնում է օգոստոսի 20-ից, մասնակցում են վեց ուղղաթիռներ և մեկ հատուկ ինքնաթիռ: «Մենք տեսանք՝ որքան շատ անկեղծ բարեկամներ ունի Վրաստանը, որքան շատ անկեղծ բարեկամներ ունեն վրացիները՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, բելառուսներ»,-ասել է Մարգվելաշվիլին լրագրողներին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին ցուցաբերած օգնության համար և նշել, որ դա շատ ուրախալի է ու կարևոր:

Ինչ վերաբերում է Բորժոմի անտառի իրադրությանը, ապա, նախագահի խոսքով, հրշեջները հաջողությամբ են պայքարում կրակի դեմ: «Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Այս րոպեներին դուք տեսնում եք, որ կրակը փաստորեն վերացված է, սակայն շատ ժամանակ է անհրաժեշտ այս տարածքը մինչև վերջ մշակելու համար: Մարդիկ աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն բոլորին»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս