Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին իր որդուն աջակցելու համար
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերն այն բանի համար, որ վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բերոն Թրամփի:
«Շնորհակալություն, Չելսի Քլինթոն, այնքան կարևոր է պաշտպանել մեր բոլոր զավակներին, որպեսզի նրանք կարողանան մնալ այնպիսին, ինչպիսին որ կան»,-թվիթերում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ գրությանը կից թողնելով «մանկությունը չեն թունավորում» հեշթեգը:
Ավելի վաղ The Daily Caller հրատարակությունը քննադատել էր Բերոն Թրամփի արտաքին տեսքը: Այսպես, հրատարակության հաղինակներից մեկը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահի որդին հարկ է, որ հագնվի նույնքան համապատասխան, որքան դա անում են նրա ծնողները:
Քննադատության համար առիթ էր դարձել այն լուսանկարը, որում պատկերված է Թրամփի ընտանիքը Նյու Յորքից Վաշինգտոն թռչելուց հետո նախագահական ինքնաթիռից դուրս գալիս: Լուսանկարում կարելի է տեսնել, որ կոստյում հագած Դոնալդ Թրամփի և Էլեգանտ զգեստով Մելանիայի կողքին քայլում է Բերոնը՝ շնաձկան պատկերով մարզահագուստով և սպիտակ շորտով: «Հարկ է, որ մամուլը aեւ մնացած բոլորը հանգիստ թողնեն Բերոն Թրամփին և նրան հնարավորություն տան իր անձնական մանկությունն ունենալ, որին նա արժանի է»,- այս հրապարակումից հետո թվիթերում գրել է երկու երեխաների մայր Չելսի Քլինթոնը:
«Բերոնը երեխա է: Ոչ մի երեխայի մասին չի կարելի նման ձևով խոսել՝ լինի դա իրական կյանքում կամ համացանցում: Իսկ հասուն մարդու կողմից նման բան անելն ամոթ է»,-գրել է նա մեկ այլ հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: