
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մեկնելու է Իրաքի Քրդստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնելու է Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ: Այս մասին հայտնում է քրդական Rudaw-ը:
Իրաքում Չավուշօղլուն հանդիպելու է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդեր ալ-Աբադի և արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիի հետ:
Չավուշօղլուն այցի շրջանակներում հանդիպում է ունենալու նաև իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել էր իրաքյան քրդերի անկախության հանրաքվեին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին:
«Քրդերի հանրաքվեն ավելի է ծանրացնելու վիճակն Իրաքում: Քրդերի հանրաքվեն այդ երկիրը կարող է տանել ընդհուպ քաղաքացիական պատերազմի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Ավելացնելով, որ իրենք սպասում էին, որ իրաքյան քրդերը հետ կկանգնեն անկախության հանրաքվեի անցկացումից՝ Չավուշօղլուն ասել էր. «Մենք դեմ ենք հանրաքվեի անցկացմանը և շարունակելու ենք դեմ լինել»:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ Թեհրանն ու Վաշինգտոնը:
Մասուդ Բարզանին հայտարարել է , որ քրդերը չեն հրաժարվելու հանրաքվեից և անկախության գործընթացից: