
Պենտագոնի ղեկավարը խնդրել է իրաքցի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն. The New York Times

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը հորդորել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին հետաձգել սեպտեմբերին նշանակված անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Մեթիսը, ինչպես հայտնել է Պենտագոնը, Իրաքում գտնվելու ընթացքում հանդիպում է ունեցել Բարզանիի, ինչպես նաև Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Պենտագոնի ղեկավարը հորդորել է քրդերին երկխոսություն վարել Իրաքի իշխանությունների հետ տարաձայնությունները կարգավորելու համար, ասված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հրատարակությունը, մեկնաբանելով Մեթիսի կոչը, նշում է, որ «դա նոր ազդակ է դարձել ԱՄՆ-ի պաշտոնատարների կողմից, որոնք զգուշանում են, որ հանրաքվեն կարող է քաղաքական նոր անկայունության հանգեցնել երկրում այն ժամանակ, երբ Իրաքում շարունակվում է պայքարը «Իսլամական պետության» դեմ»:
Ավելի վաղ հանրաքվեի անցկացումը հետաձգելու առաջարկությամբ հեռախոսազրույցի ընթացքում Բարզանիին է դիմել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: