«Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, վաղը կքննարկեն ՀՀ վարչապետի թեկնածուի հարցը». քաղտեխնոլոգ

168.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– 2018 թվականի նախագահի և վարչապետի ընտրություններին ընդառաջ՝ Ձեր կարծիքով՝ Հայաստանում քաղաքական աշունն ինչպիսի՞ն կլինի. ընդդիմության ակտիվանալու հիմքեր կամ նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

– Կարող ենք ասել, որ մեկը մյուսի հետ մեծ մասամբ կապ չունի, որովհետև վարչապետի ընտրության հարցը, ինչպես արդեն մենք տեսնում ենք, Հայաստանում չի լուծվում, դա լուծվելու է Ռուսաստանում, երբ Ռուսաստանի նախագահը կորոշի, թե ո՞ւմ է ցանկանում տեսնել Հայաստանի վարչապետի պաշտոնում, նոր Հայաստանի ղեկավարությունը կհայտարարի այդ մարդու ազգանունը: Սա արդեն ակնառու է դառնում, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հարցը դեռևս այս պահի դրությամբ լուծված էլ չէ: Մի ուրիշ հարց էլ կա. պատկերացրեք, որ գործող նախագահը հայտարարի, որ ինքն է լինելու 2018 թվականից հետո հանրապետության վարչապետը, դրանից հետո փաստացի կառավարությունը կհայտնվի հրաժարականի կարգավիճակում, որովհետև այլևս ոչ մեկը Հայաստանում վարչապետի հանձնարարությունները չի կատարի: Կարծում եմ՝ դրա համար նախագահը մինչև վերջ կձգի այդ պահը, իսկ դա ներիշխանական քաոս է նշանակում:

Գիտենք, որ վաղը ՀՀ նախագահը մեկնելու է ՌԴ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է բազմաթիվ հարցեր: Ենթադրում եմ, որ, ամենայն հավանականությամբ, կշոշափվի արդեն ապագա վարչապետի թեկնածուի հարցը, որովհետև, եթե ուշադրություն դարձրել եք, ՌԴ-ն միշտ նոր մարդու իշխանություն գալուց մի 6 ամիս առաջ է սկսում ուշադրություն դարձնել այդ հարցին: Պուտին-Սարգսյան հանդիպումը կլինի, այդ ժամանակ կարող է այդ հարցը քննարկվի, բայց անգամ քննարկվելը չի նշանակում, որ այդ մասին կհայտարարվի:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է աշնանն ընդդիմության կամ իշխանության ակտիվացմանը, թե իշխանությունն ինչո՞վ պետք է ակտիվանա, դեռևս անհասկանալի է, որովհետև իշխող քաղաքական ուժը միշտ ակտիվ է, իր համար ընտրությունները լավ էլ նկարում է, այսինքն՝ իշխանություններն ակտիվանալու պատճառ չունեն: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, այստեղ պետք է հստակեցնենք՝ ընդդիմություն ասելով՝ կոնկրետ ո՞ր քաղաքական ուժն ենք հասկանում, որովհետև Հայաստանում տասնյակ կուսակցություններ կան գրանցված, որոնք ընդդիմադիր են համարվում: Վերացական ակտիվանալ հասկացություն չկա, կա կոնկրետ ակտիվանալ՝ ինչ-որ բան անելու համար, իսկ այդ ինչ-որ բանն ի՞նչ է, նախ՝ ընդդիմադիր ուժերն իրենք պետք է որոշեն, կոնկրետ նպատակ է պետք, որի շուրջ կարող են համախմբվել գաղափարակից կամ նպատակին հասնելու կողմնակից ուժերը: Օրինակ, կան ուժեր, որ եվրոպական ինտեգրացիոն համակարգերի կողմնակիցներն են, բնականաբար, եթե իրենք նպատակ են դնում արևմտյան վեկտորն ուժեղացնել, այդ նպատակին հասնելու համար այդ արևմտամետ ուժերը պետք է կոնկրետ կարողանան ակտիվանալ: Կան ուժեր էլ, որոնք կողմնակից են, որ Հայաստանը ՌԴ-ի հետ էլ ավելի ինտեգրացվի, ու ավելի խորն ինտեգրացիոն գործընթաց գնա, նրանք էլ այդ նպատակի շուրջ կարող են միավորվել ու ինչ-որ գործողություններ անել: Այսինքն՝ մենք պետք է բաժանենք արդեն այդ հասկացությունները՝ արևմտամետներ, ռուսամետներ, որովհետև, ուզես թե չուզես, դու պարտավոր ես լինել կա՛մ արևմտամետ, կա՛մ ռուսամետ, որովհետև դու ներքին ուժերով այլևս ոչինչ չես կարող անել:

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն արտաքին լուրջ աջակցություն տարբեր կենտրոններից և կարող են որևէ գործընթաց սկսել:

– Այս պահի դրությամբ ես նման ուժեր չեմ տեսնում: Կան, իհարկե, գործիչներ, որոնք իրենց համարում են արևմտամետ, կան, որ համարում են ռուսամետ, բայց ուժ, հասարակական կազմակերպություն, գործ անող գործիչ, առավել ևս՝ քաղաքական կուսակցություն, չկա:

– Դուք նշեցիք, որ, ի վերջո, Մոսկվան է որոշելու՝ Հայաստանում ով է լինելու վարչապետը: Քանի որ այս պահին հիմնականում գործող նախագահի և վարչապետի անուններն են շրջանառվում վարչապետի պաշտոնի համար, ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞րն է Մոսկվայի համար առավել նախընտրելի թեկնածուն:

– Հստակեցնենք, որ ես այս պահի դրությամբ եմ ասում, որ Մոսկվան է որոշում, բայց Արևմուտքի կարծիքը նույնպես մեծ նշանակություն ունի, այնպես չէ, որ Արևմուտքի կարծիքն ընդհանրապես նշանակություն չունի: Հայաստանը մոտենում է մի ժամանակաշրջանի, երբ պետք է արտաքին խոշոր պարտքերը մարի, Հայաստանն այդ գումարը չունի մարելու: Հարց է՝ արդյոք Արևմուտքը նոր պարտքեր կտրամադրի՞, եթե անգամ դու փորձես հետաձգել պարտքի մարումը, Արևմուտքը դրան կհամաձայնի՞, թե՞ քաղաքական պահանջներ կառաջադրի, որ Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, որպեսզի վարչապետը լինի իր նախընտրած թեկնածուն… Մենք չենք կարող ասել, դրա համար Արևմուտքի գործոնն այս պահի դրությամբ դեռ վճռորոշ չէ, բայց գալու է մի ժամանակ, որ նրա գործոնը խիստ կարևոր է լինելու, և կարող է այդ գործոնը գերակշռել ռուսական գործոնին:

Ինչ վերաբերում է թեկնածուներին, իսկ ո՞վ ասաց, որ ընդամենը երկու թեկնածու կա՝ գործող նախագահը և գործող վարչապետը: Կարող է՝ շատ հանգիստ ուրիշ թեկնածուներ էլ լինեն, որոնց անունները, կարող է, մենք լսում ենք, կամ ինչ-որ նոր մարդիկ են, ինչպես Կարեն Կարապետյանը եկավ Մոսկվայից: Ի վերջո, հայկական աշխարհը, հատկապես՝ ռուսահայ աշխարհը, բավականին հարուստ է կադրերով, և կարող է, անհրաժեշտության դեպքում, վարչապետի 100 թեկնածու ունենալ:

– Ձեր կարծիքով՝ ՌԴ-Արևմուտք, ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների սրացումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս հարցում:

– Հայաստանն այն հարցը չէ, որի համար խիստ բախում գնա: Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը կարևոր է, բայց այն կարևորությունը չունի, որի համար խիստ հակասությունների առաջ կանգնեն Արևմուտքը և Ռուսաստանը:

Տեսանյութեր

Լրահոս