Բաժիններ՝

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը կներկայացվի կառավարությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը վաղը կառավարության նիստում կներկայացնի Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը։

Ըստ որոշման նախագծի՝ հանքարդյունաբերության ոլորտը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության կարևոր ոլորտներից մեկը, դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն, որը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ առկա խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

«Ներկայումս համաշխարհային ապրանքային շուկաներն անկում են ապրում, ընդհանուր առմամբ մետաղների գներն ընկել են, և պահանջարկի մակարդակը ցածր է: Սակայն հանքարդյունաբերության ոլորտը ցիկլային է, և վաղ թե ուշ շուկան վերելք կունենա, և ի հայտ կգան նոր ներդրումներ: Այս առումով կարևորվում է հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտի զարգացման ներկա փուլում չափազանց կարևոր է ունենալ կայուն, պարզ և թափանցիկ իրավական դաշտ: Իսկ ոլորտին առնչվող օրենքներում առկա բացերը նվազագույնի հասցնելու, միջազգային լավագույն փորձին մոտեցնելու և ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապարփակ քաղաքականություն, որը թույլ կտա ի հայտ բերել համեմատական առավելությունները: Այժմ բարենպաստ պահ է հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակման համար: Սա կապահովի, որ զարգացման և ներդրումների հաջորդ ալիքի ժամանակ Հայաստանը լավ պատրաստված լինի այն մարտահրավերներն ու հնարավորությունները կառավարելու համար, որոնք ի հայտ կգան այդ փուլում»,- նշված է նախագծում:

Ի դեպ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ընդունելի է համարել Բնապահպանության նախարարության դիտարկումը, որ հայեցակարգը, որպես հիմնադրութային փաստաթուղթ, մինչև ընդունումը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս