Բաժիններ՝

Ամենից շատ ուղղակի հարկեր վճարած 10 հայաստանյան ընկերությունները

Սովորաբար ընդունված է համարել, որ անուղղակի հարկերը (ԱԱՀ, ակցիզային հարկ) իրականում վճարում են ոչ թե մատակարար ընկերությունները, այլ սպառողները, քանի որ ապրանքի դիմաց վճարելով՝ սպառողը վճարում է նաեւ հարկը, որը ներառված է գնի մեջ։

Պատկերավոր ասած, ընկերությունների իրական հարկունակության մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է առանձին դիտարկել նրանց կողմից վճարված ուղղակի հարկերը (եկամտային հարկ, շահութահարկ)։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եռամսյակը մեկ հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկում ներկայացնում է ոչ միայն ընկերությունների կողմից վճարված ընդհանուր հարկերը, այլեւ ուղղակի եւ անուղղակի հարկերը՝ առանձին-առանձին։

Մենք կրկին անդրադառնում ենք վերջերս հրապարակված՝ 2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի խոշոր հարկատուների ցանկին, սակայն այս անգամ ներկայացնում ենք հարկատուների առաջին տասնյակը՝ ըստ վճարված ուղղակի հարկերի չափի։

Ինչպես տեսնում եք, ըստ ուղղակի հարկերի՝ խոշորագույն հարկատուն ոչ թե Գազպրոմ Արմենիան է, այլ Հայաստանի էլեկտրական ցանցերը։ ՀԷՑ-ը, որը նաեւ Հայաստանի թիվ 1 գործատուն է (մոտ 7300 աշխատակից), 2017 թվականի առաջին կիսամյակում վճարել է 7 մլրդ 423.2 մլն դրամի ուղղակի հարկեր, որը 3.4 մլրդ դրամով կամ 85.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Երկրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող Գրանդ Տոբակոն է։ Ընկերությունը 2.2 մլրդ դրամով (47.3%-ով) ավելացրել է ուղղակի հարկերը եւ հասցրել 6.8 մլրդ դրամի։

Ընդհանուր հարկերի առումով խոշորագույն հարկատուն՝ Գազպրոմ Արմենիան, ուղղակի հարկերի գծով երրորդ տեղում է։ Այս ընկերությունը տարվա առաջին կիսամյակում վճարել է 3 մլրդ 684 մլն դրամի ուղղակի հարկեր, ինչը 6%-ով քիչ է 2016 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Ամենից շատ ուղղակի հարկեր վճարած ընկերությունների հնգյակում են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Գեոպրոմայնինգ Գոլդը։

Հաջորդ հնգյակում ներկայացված է 4 բանկ՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկ եւ ՎՏԲ-Հայաստանը։ Իրական հատվածը ներկայացնում է միայն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը որը 2 մլրդ 561 մլն դրամի ուղղակի հարկերով այս ցանկում 7-րդն է։

Աղբյուրը՝ B4B PRO համակարգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս