
Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին

Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալ՝ մարոկկացի Յունես Աբույակուբին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Efe գործակալությանը:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ենթադրում էին, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի է ենթարկել 17-ամյա Մուսա Ուկաբիրը, սակայն Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն հայտարարել է, որ այդ տարբերակն «ավելի քիչ հավանական է», քան համարվում էր նախկինում: Նոր տարբերակի համաձայն՝ վրաերթն իրականացրել է Յունես Աբույակուբն, ում հաջողվել է փախուստի դիմել հանցագործության վայրից:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Բերման են ենթարկվել երկու կասկածյալներ, որոնք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից են: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: