Հուշագիր՝ Հայաստանի և Իրանի միջև
Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։
Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները ևս։ Նախօրեին Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձևավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։
«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը»,- նշել է Ս.Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի աշխատանքների արդյունքները և գործնական առաջարկները։ Մասնավորապես՝ նշվել է, որ քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի աշխատանքային խմբի քննարկումները որոնք առնչվում են լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերին, զբոսաշրջային ցուցահանդեսներին, տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորման և արտերկրում դրա առաջմղման հարցերին։
Աքբար Թորքանն շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և ավելացրել.
«Արաս» առևտրի ազատ գոտին Իրանի համար Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ և մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»:
Հանդիպման ավարտին Սուրեն Կարայանը նշել է․«Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար։ Մենք բավականաչափ առաջընթաց արձանագրեցինք մեր տնտեսական հարաբերութունների մեջ։ Մենք սկիզբ ենք դնում այսօր նոր ծրագրերի։ Մենք համոզվեցինք, որ զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտում։ Ինչպես նաև վստահ ենք մեր ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի»։