Բաժիններ՝

«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն ավելացել է 57 տոկոսով

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 277 մլն դրամ, ինչն ավելի քան 100 մլն դրամով կամ շուրջ 57 տոկոսով գերազանցել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Tax free» հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»,- նշել է Պետական եկամուտների կոմիտեի ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ԱԱՀ-ն) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ: Արման Միրզոյանի խոսքով՝ վերադարձված գումարների աճին նպաստել է նաև ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աճը:

Ի դեպ, «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից մինչ օրս արտոնությունից օգտվողներին է վերադարձվել ավելի քան 1 մլրդ 245 մլն դրամ գումար: Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս՝ օդանավակայաններում և սահմանային մյուս անցակետերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս