«Հիմա ավելի շատ պարզապես տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնողներ կան, քան կանայք ու տղամարդիկ»

Հատվածներ 40 տարվա աշխատանքային փուրձ ունեցող հոգեբան և հոգեթերապևտ Միխայիլ Լիտվակի հարցազրույցից:  Զրույցն այն մասին է, թե ովքեր կարող են երջանիկ ընտանիք կառուցել, և ովքեր կարող են համալրել ամուսնալուծվողների թիվը:

– Մի հարցազրույցում Դուք ասել եք, որ երջանիկ ընտանիքներ չկան…

– Կան, բայց քիչ: Ես ինքս շատ ընտանիքներ եմ հետազոտել: 11.000 ընտանիքներից միայն 3 երջանիկները գտնվեցին, ու ամենաահավորն այն է, որ միայն երջանիկ ընտանիքներն են նորմալ, մնացածների պարագայում պաթոլոգիա է, 2 դժբախտ մարդկանց համակեցություն:

– Ինչո՞ւ են այդքան շատ ամուսնալուծությունները, մի՞թե համատարած մարդիկ ընտրություն կատարելիս սխալվում են:

Կարդացեք նաև

– Դա պատահում է այն պատճատով, որ մարդիկ վատ են դաստիարակված: Նրանց ժամանակին չեն սովորեցրել մտածել: Տեսեք, օրինակ, մենք հարցում անցկացրեցինք` պարզելու, թե սիրո նշված խոստովանություններից ո՞րն է ամնահոգեհարազատը: Տարբերակներն էին` ես առանց քեզ չեմ կարող ապրել, ես քեզ երբեք չեմ նեղացնի, եկ միասին կիսենք կյանքի հոգսերը: Կանանց 75%-ն ընտրել էր «ես առանց քեզ չեմ կարող ապրել» տարբերակը: Սա աղետալի է. մի՞թե պարզ չէ, որ այս խոստովանությունը բնորոշ է այդպես էլ երեխա մնացած տղամարդուն կամ հարբեցողին: Իսկ ահա սիրո իրական՝ «եկ միասին կիսենք կյանքի հոգսերը» արտահայտությունը ոչ մեկին դուր չէր եկել:

– Իսկ ի՞նչ է ընդհանրապես սերը:

– Դա սիրո առարկայի կյանքի և զարգացման մեջ ակտիվ հետաքրքրվածություն ունենալն է: Բոլորն ասում են՝ ո՞ւմ սիրես, մարդ չկա: Իսկ արդյո՞ք Դուք սիրել գիտեք:

– Իսկ ի՞նչ է կատարվում սիրո հետ ժամանակի ընթացքում, ո՞ւր է այն կորչում:

– Ժամանակի ընթացքում սերն ավելի ու ավելի է ուժեղանում, իսկ եթե ի սկզբանե չի եղել, ամեն ինչ ժամանակի հետ ավելի դժգույն է դառնում:

– Ո՞րն է տղամարդու և կնոջ` ամուսնության ընկալումների տարբերությունը:

– Իրականում նրանք նույն կերպ են ընկալում ամուսնությունը: Բայց հիմա ավելի շատ պարզապես տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնողներ կան, քան կանայք ու տղամարդիկ: Ընտանիք կազմելու իրավունք ունի միայն ֆիզիկապես առողջ, հոգեպես զարգացած և նյութապես կայացած մարդը:

– Եթե հարաբերությունները սկսվել են սեքսից, ի՞նչ ապագա է նրանց սպասվում:

– Սեքսը հետո պիտի լինի, իսկ ամենասկզբում ընդհանուր աշխարհայացք պիտի լինի: Հայտնի է, որ սերն այն չէ, երբ երկուսով նայում են իրար, այլ այն, երբ երկուսով նայում են միևնույն ուղղությամբ: Կանադացի հետազոտողներն ընտանիքն ամրացնող 4 գործոն են առանձնացրել: 1-ին` ընդհանուր աշխարհընկալում, 2-րդ` ընդհանուր գաստրոնոմիական ճաշակ, 3-րդ` սեքս, 4-րդ` միմյանց շոյելու ցանկություն:

– Տղամարդիկ հաճախ իրենց համեմատում են արուների հետ և պնդում, որ դավաճանություններն իրենց պարագայում անխուսափելի են:

– Դավաճանությունները պատահում են այն ժամանակ, երբ ամուսիններից մեկը կամ մյուսը կամ երկուսն էլ հասկանում են, որ սխալվել են ընտրություն կատարելիս: Այդ ժամանակ է, որ նրանց սկսում է դուր գալ ուրիշ մարդ:

– Ո՞ր կանանց չեն դավաճանում:

– Չեն դավաճանում ֆիզիկապես առողջ, հոգեպես զարգացած ու կայուն և նյութապես անկախ կանանց: Մեր կանանց մոտ հանդիպում է սեքսուալ խանգարման 3 տեսակ` պեդոֆիլություն, զոոֆիլություն և մազոխիզմ: 1-ինի դեպքում տղամարդու հետ ոչ թե ամուսնանում են՝ ապրելու, այլ՝ նրան դաստիարակելու համար, 2-րդի ժամանակ` ապրում են հարբեցողների հետ, իսկ ի՞նչ է հարբեցողը, եթե ոչ՝ կենդանի: 3-րդի պարագայում էլ տառապում են մազոխիզմով. սիրում են, երբ նրանց ձեռք են առնում:

– Եթե կինը ֆիզիկապես առողջ է, նյութապես անկախ, բայց արդեն այնքան էլ երիտասարդ չէ, կարո՞ղ է տարբերակ ունենալ երջանիկ լինելու:

– Այդպիսի կանայք ավելի շատ տարբերակներ ունեն: Դա կնոջ կյանքի ամենահյութեղ ժամանակաշրջանն է: Նա արդեն կայացել է, բացի այդ, 40-45 տարեկան կինն անկողնում անկրկնելի է:

– Ինչպե՞ս հարաբերությունների ձևավորման նախնական փուլում հասկանալ՝ արդյո՞ք քոնն է, ճիշտ ճանապարհի՞ն ես, թե՞ ոչ:

– Խոստումներով, ժեստերով, հագնվելու եղանակով: Սոկրատեսն ասում էր. «Ինչ-որ բան ասա ինձ, ես ուզում եմ քեզ տեսնել»: Արդեն սկզբի մի քանի արտահայտություններից հետո կարելի է որոշել, թե ով է քո առջև կանգնած, և միմյանց համապատասխանո՞ւմ եք արդյոք աշխարհընկալմամբ:

– Անկողնում համապատասխանությունը նո՞ւյնպես կարևոր է:

– Դե , իհարկե: Եթե, ասենք, տղամարդը սեքս է ուզում  օրական 3 անգամ՝ 50 րոպե տևողությամբ, իսկ կինն ամիսը մեկ անգամ և 3 րոպեով, ապա նրանց մոտ ոչինչ չի ստացվի:

– Եթե կան որոշ անհամապատասխանություններ, կարո՞ղ է կինը հարմարվել տղամարդուն կամ փորձել վերադաստիարակել նրան:

– Ոչ: Պետք է վերցնել պատրաստի արտադրանք, այլ ոչ թե՝ կիսաֆաբրիկատ: Ամուսնանալ կարող են միայն հասուն մարդիկ, իսկ վերադաստիարակել կարող ես միայն մեկ մարդու` ինքդ քեզ: Սխալվե՞լ եք, ուրեմն բաժանվեք ու սկսեք փնտրել ուրիշի:

– Որտե՞ղ փնտրել:

– Միայն աշխատավայրում: Երբ հետևում ես մարդուն աշխատելիս, տեսնում ես, թե ինչպես է նա կայացել:

– Փոխվե՞լ են արդյոք կնոջ պահանջմունքները վերջին տարիներին:

– Ոչ մի կերպ չեն փոխվել վերջին 100 000 տարիներին:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ այժմ կանայք ուզում են ամուսնանալ կայացած և դիրք ունեցող տղամարդկանց հետ:

– Եվ ճիշտ են անում: Նշանակում է՝ հասունանում են: Բայց ինքդ էլ պետք է դիրք ունենաս: Սակայն, ցավոք, մեզ մոտ կանանց մեծամասնությունը լատենտ մարմնավաճառի հոգեբանություն ունի. ուզում են գտնել հարուստ տղամարդու, որ կերակրի, իսկ դրա փոխարեն՝ պլանավորում են տնտեսություն վարել և տրվել անկողնում: Իրերը պետք է կոչել իրենց անուններով, սա մարմնավաճառություն է: Սակայն այժմ քիչ չեն նաև տղամարդիկ, որոնց կարելի է կոչել լատենտ ալֆոնսներ, ովքեր փնտրում են հարուստ կանանց, իսկ իրենք զարգանալ չեն ուզում:

– Բայց կա տեսություն, որ կինը պետք է ոգեշնչի տղամարդուն, նրա համար ստեղծի հարմարավետ պայմաններ ու մնա նրա ստվերում…

– Ա՛յ էստեղ Դուք տղամարդուն շփոթում եք շալվար հագնողի հետ: Տղամարդը ոգեշնչման կարիք չունի: Չի կարելի ապրել հանուն կնոջ կամ հանուն տղամարդու:

– Իսկ հանուն երեխաների՞…

– Առավել ևս՝ հանուն երեխաների: Նրանք, միևնույն է, քեզնից հեռանալու են: Կինն ու տղամարդն ավելի մոտ են իրար:

– Ամուսնալուծվելիս երեխաները մնում են կանանց մոտ, իսկ ահա տղամարդիկ չեն ուզում ամուսնանալ երեխա ունեցող կանանց հետ:

– Տղամարդու համար դա խնդիր չպիտի լինի, քանի որ նա պատրաստ է ամեն ինչ անել այդ երեխայի համար, որպեսզի իր սիրած կինն իրեն լավ զգա ու իր կողքին լինի: Բայց եթե կինը համարում է, որ երեխան կյանքում ամենագլխավորն է, նա երբեք երջանիկ չի լինի ամուսնության մեջ:

– Կարծիք կա, որ ամուսնության ինստիտուտը սպառում է իրեն, և ապագան համակեցության ալտերնատիվ տարբերակներինն է:

– Միգուցե: Պատահում է, որ մարդիկ քաղաքացիական ամուսնությամբ շատ նորմալ ապրում են, իսկ հենց որ գրանցում են ամուսնությունը, սկսվում են խնդիրները:

– Ո՞րն է այդ փոփոխությունների պատճառը:

– Այն է, որ մարդն ուզում է ազատ լինել: Ֆորմալ ամուսնությունը նրան կաշկանդում է: Անձնագրի կնիքը խելացի մարդու համար ոչինչ չի փոխում, իսկ հիմարի համար, անշուշտ, փոխում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս