Բաժիններ՝

Ծնունդով ԽՍՀՄ-ից 7 սովորություններ, որոնց վերջ տալու ժամանակն է

Շատ մարդիկ ԽՍՀՄ-ը հիշում են ջերմությամբ և կարոտախտով, սակայն կան նաև նրանք, ովքեր դրա մասին խոսում են զայրույթով և սարսափով: Այս կամ այն դեպքում ԽՍՀՄ տեսած սերնդի մոտ դեռևս կա մի տարօրինակություն, որի ձևավորումը պայմանավորված էր խորհրդային կենցաղավարությամբ: Իհարկե, ԽՍՀՄ նախկին բնակիչները  բազմաթիվ օգտակար սովորություններ ունեն` պահպանված դեռ խորհրդային ժամանակներից, սակայն մի քանիսից պետք է ազատվել հնարավորինս շուտ:

Ձեզ ենք ներկայացնում 6 խորհրդային սովորություններ, որոնք ժամանակակից աշխարհում  անտեղի են:

Ոչինչ չթափել…

Կարդացեք նաև

Սա տիպիկ խորհրդային շրջանի գործելակերպ է: Իրերը կուտակվում են տարիներով` աստիճանաբար բնակարանը վերածելով հին իրերի պահեստի: Այս վարքագծի մեկնաբանության պատճառաբանությունը շատ մակերեսային է. «Իսկ եթե ես ինչ-որ բան թափեմ, իսկ հետո այն ինձ պե՞տք գա…»: Հենց այս միտքը տնտեսական ճգնաժամեր  վերապրած մարդուն հանգիստ չի տալիս: Երբեմն ամեն բան կուտակել-չթափելու մոլուցքն այնքան ուժգին է լինում, որ վերածվում է հոգեկան շեղվածության, բայց հիմնականում սա ուղղակի սովորություն է, որը ձևավորվել է դեֆիցիտի տարիներին:

Լավագույնը ապագայի համար…

Միայն խորհրդային մարդը կարող է ջուր խմել ճաքած բաժակից այն դեպքում, երբ նորը պահարանում բազմած է: Նույն բանն է և նոր շոր ու կոշիկի, սպասքի ու անկողնային պարագաների և կեցաղային այլ մանրուքների պարագայում: Դրանք դեռ թող մնան մինչև լավ ժամանակներ, իսկ ավելի ստույգ` հյուրերի և տոների համար: Այդպես էլ ապրում են` յուրաքանչյուր նորը, լավը, մաքուրը և պայծառը պահելով միայն լավագույն կյանքի համար, որն այդպես էլ չի գալիս:

«Մաքուր ափսեների» միություն կամ ամենավերջին փշուրն ուտելու սովորություն…

Դեռ մանկությունից մեր գլուխը մտցրել են, որ կերակուրի հետ խաղալը վատ է, հացի հետ` մեղք, իսկ մթերքները թափելու մասին խոսք ընդհանրապես չէր կարող լինել: Նույնիսկ, եթե ճաշը փչացել է, մեկ է, ինչ-որ մեկը կուտի այն, միայն թե չթափվի: Խորհրդային մարդն ավելի շուտ իրեն թունավորվելու ռիսկին կենթարկի, քան կթափի այն:

Վերցնել այն ամենը, ինչ վատ է դրված…

Սա խորհրդային գաղափարախոսությունը կրողների ամենաբնորոշ սովորություններից է.  վերցնել, իրենցով անել լավ չհսկվող իրերը: Վստահաբար խորհրդային յուրաքանչյուր ընտանիքում գոնե մեկ անգամ հնչել է «Դրանից մի գնեք, հայրիկն աշխատավայրից կբերի» նախադասությունը: Եվ եթե այն ժամանակներում դա նորմալ էր դիտվում, ապա այսօր, ամենայն հավանականությամբ, դրա համար նվազագույնն աշխատանքից կհեռացնեն, եթե, իհարկե, քրեական պատասխանատվության չենթարկեն:

Հաճոյախոսություններ ընդունելու անկարողությունը…

Սա հիմնականում կանացի սովորություն է: Չգիտես ինչու, երբ խորհրդային կանանց հաճոյախոսություն էին անում` կապված արտաքին տեսքի, լավ օծանելիքի և այլնի հետ, վերջիններս միանգամից սկսում էին արդարանալ:

– Դուք այսօր հրաշալի տեսք ունեք:

– Ոչ, ի՞նչ եք ասում. այսօր շատ վատ եմ քնել, վերնազգեստս էլ արդեն նոր չէ:

Ճանաչեցի՞ք Ձեզ:

Միայն Խորհրդային Միությունում կանայք կարմրելով և ամաչելով խուսափում էին հաճոյախոսություններ լսելուց, փոխանակ դրանք արժանապատվորեն և շնորհակալությամբ ընդունեին:

Իսկ ի՞նչ կասեն մարդիկ…

Շուրջը նայելով որոշումներ ընդունելու վատ սովորությունը խորհրդային մարդկանց մոտ ներդրվել է դեռ վաղ մանկությունից:

«Տես, թե ինչպես ես քեզ պահում, ի՞նչ կասեն մարդիկ: Տեսնո՞ւմ ես, թե այն տատիկն ինչպես է քեզ նայում»,- հաճախ էինք լսում մեր ծնողներից; Կարծես թե դրանում ոչ մի արտասովոր ու հատուկ բան չկար, բայց մարդն ամբողջ կյանքում հետագայում անգիտակցաբար հաշվի է առնում այլոց կարծիքը՝ մինչև մի բան որոշելը, քանի որ մտածում է, որ շրջապատում իր մասին վատ կխոսեն: Հասարակությանը չնայելով ապրել, թերևս, պետք չէ, բայց եթե Դուք շարունակ հրաժարվում եք Ձեր ուզածից՝ քննադատվելու և շրջապատի կողմից չհասկացվելու վախից, ապա ժամանակն է Ձեր առաջնայնությունները վերանայելու:

Իհարկե, մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք, և այդ պատճառով էլ արդեն կարծրացած սովորություններից հրաժարվելը մեկ օրվա բան չէ, սակայն գիտակցելն արդեն քայլ է դեպի ազատագրում:

Պատրաստեց Սոֆի Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս