Ինչպես դաստիարակել երեխաներին. 6 խորհուրդ՝ միլիոնատեր մայրիկից
Դենի Ջոնսոնը հաջողակ գործարար կին է, 5 երեխաների մայր և մի քանի թոռնիկի տատիկ։ 17 տարեկանում նա առաջին անգամ մայրացավ, 21-ում հայտնվեց փողոցում, իսկ արդեն 23 տարեկանում վաստակեց իր առաջին միլիոնը։ Հիմա նա ճանապարհորդում է տարբեր երկրներով և անցկացնում սեմինարներ, որոնք ստիպում են ծնողներին մտածել և սխալներ թույլ չտալ։ Անկասկած, պետք է հաշվի առնել, որ այդ խորհուրդները տալիս է ամերիկացի մայրիկը, բայց դրանցից շատերը կարող են մեզ էլ պետք գալ։
Երեխան դեռ մանկուց պետք է ունենա նպատակ
Հարուստ մարդիկ գիտեն, որ երեխայի մոտ նպատակը պետք է դեռ մանկուց ի հայտ գա։ Նրանք դաստիարակում են Օքսֆորդի և Հարվարդի ապագա շրջանավարտներ, որոնք արդյունքում կդառնան տաղանդավոր բժիշկներ, հաջողակ ղեկավարներ և նախագահներ։
Իսկ մարդկանց մեծ մասն իր երեխաներին դաստիարակում է հետևյալ մտքերով՝ «հետո կկողմնորոշվենք», «միգուցե բախտդ բերի», և այլն։
«Իմ ընկերների ընտանիքում, որոնք խմբագրություն ունեին, տղան ընդհանրապես չէր ուզում սովորել և չգիտեր, թե ինչով է զբաղվելու կյանքում։ Այդ ժամանակ հայրը ստիպված եղավ արմատապես փոխել այդ իրավիճակը։ Նա երեխային ուղարկեց անօթևանների կացարան՝ աշխատելու։ Մեկ շաբաթ անց անհոգ դեռահասը վերադարձավ՝ լրիվ այլ մարդ դարձած։ Տղան անկեղծորեն ցանկացավ բարձրացնել իր արդյունավետությունը և նույնիսկ ցանկություն հայտնեց մասնակցել ընտանեկան բիզնեսին»,- ասում է Դենի Ջոանը։
Ոչ մի հեռուստացույց և սմարթֆոն
Ովքե՞ր են մեր երեխաների մշտական «ընկերները»։ Հիմնականում` համակարգիչը, հեռուստացույցը կամ բջջային հեռախոսը։ Դենի Ջոնսոնի բոլոր երեխաներն իրենց առաջին սմարթֆոններն ստացել են 16 տարեկանում, իսկ նրանց առաջին համակարգիչը եղել է հոր համակարգիչը։ Ինչ վերաբերում է հեռուստացույցին, ապա նրանց տանն ընդհանրապես հեռուստացույց չկա։ Զարմանալի է, այնպես չէ՞։
«Իմ երեխաները չեն կարող իրենց թույլ տալ ունենալ նոութբուք կամ բջջային հեռախոս, որովհետև դեռ գումար չեն աշխատում։ Բջջային հեռախոսը թույլ չի տալիս մարդուն նորմալ կազմակերպել և տնօրինել ժամանակը, իսկ հեռուստացույցն արտացոլում է կյանքի շաբլոն մոդելներ։ Օրինակ՝ ի՞նչ պետք է ձեր երեխաներին սովորեցնի Սպունգ Բոբը. ծույլ կերպար, որը մշտապես ուրախանում է, որ մյուսներին մատների վրա է պտտեցնում։ Իսկ դուք կուզենայի՞ք, որ ձեր երեխան այդպիսին լինի։ Իսկ կուզենայի՞ք նման ամուսին ձեր աղջկա համար։ Եթե ձեր երեխան մեկ ամիս հեռուստացույց չնայի, նա հեշտորեն կազատվի այդ կախվածությունից»,- նշում է Դենի Ջոնսոնը։
Սովորեցնում ենք երեխաներին սիրել աշխատանքը
Մոտենում են հանգստյան օրերը, և ի՞նչ են հաճախ լսում ձեր երեխաները. «Վերջապես եկան հանգստյան օրերը, հիմա կհանգստանանք այդ աշխատանքից», «Մեր ղեկավարը խոզ է», և նման արտահայտություններ «հիմար» աշխատողների ու աշխատանքի մասին։ Դենիի կարծիքով՝ նման դիրքորոշումը վաղ տարիքից երեխային սովորեցնում է, որ աշխատանքն ինչ-որ ծանր ու տհաճ բան է։ Այդպես «ծրագրավորված» երեխաները հետագայում չեն ցանկանում աշխատել կամ բիզնես սկսել։
Նրա ընտանիքում երեխաները 2 տարեկանից սկսում են օգնել տան թեթև գործերում, իսկ 11 տարեկանում նրանց ներդրումն արդեն նկատելի է։ «Դա իր տեսակի վճար է՝ մեր տանն ապրելու և սնվելու համար։ Չէ՞ որ նրանք պետք է հիշեն, որ կյանքում անվճար ոչինչ չի լինում»,- նկատում է Ջոնսոնը։
Նա գիտակցաբար չի օգտվում խոհարարի, հավաքարարի կամ դայակի ծառայություններից. ամբողջ աշխատանքով զբաղվում է ընկերական ընտանեկան թիմը։ Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է, որ երեխան անի այն աշխատանքը, որը նրան այդքան էլ դուր չի գալիս, քանի որ դա կամրացնի նրա բնավորությունը և կամքի ուժ կձևավորի։ Եթե միշտ անես այն, ինչ սիրում ես, ապա դրանից օգուտ կամ զարգացում երբեք չի լինի։
Երեխան պետք է հասկանա, թե ինչպես են հայտնվում փողերը
«Ես իմ երեխային տալիս եմ ընդամենը 50 դոլար՝ մեկ տարվա կոշիկի համար, և գնում եմ ընդամենը 4 ջինս։ Այդ գումարով թանկարժեք կոշիկ չես կարող գնել, բայց եթե շատ ես ուզում, ուրեմն՝ գնա, գումար աշխատիր կամ զեղչերով գնիր»,- Ջոնսոնը շեշտը դնում է նրա վրա, որ երեխան պետք է ապահովված լինի միայն անհրաժեշտ պարագաներով, իսկ մյուս ցանկությունները պետք է փորձի ինքնուրույն կատարել։
«Ամենաանհաջող բանը, որ կարող են անել ծնողները՝ աշխատել գումար միայն նրա համար, որ երեխաներին ապահովեն այն ամենով, ինչի մասին իրենք երազել են փոքր տարիքում։ Երբ երեխաները մեծանում են, նրանք ընկնում են դաժան աշխարհ, որտեղ չեն կարող իրենց թույլ տալ անհոգ ապրել, ինչպես սովորել են»,- ընդգծում է գործարար կինը։
Ավելի լավ է ծախսե՞լ, թե՞ հավաքել
Այստեղ երկու տարբերակ կա՝ գնել անհրաժեշտ իրերը, կամ բացատրել երեխաներին, որ կարելի է գումար հավաքել, աշխատել և ներդնել։ Եվ չարժե իրեր գնել միայն նրա համար, որ դրանք գնում են ուրիշները։
«Ինչպե՞ս սովորեցնել երիտասարդ սերնդին՝ անիմաստ գումար չծախսել։ Մեր տանն այսպիսի կանոն կա՝ հավաքիր 10 դոլար, և այդ ժամանակ ես քեզ կտամ ևս 10-ը։ Իսկ երբ գումարը հավաքված է, ապա այն կարելի է ծախսել միայն այն իրերի վրա, որոնք կնպաստեն քո զարգացմանը՝ երաժշտական գործիք, հեծանիվ, ճանաչողական ճամփորդություն»,- ասում է Ջոնսոնը։
Մեծահոգությունը բնորոշ է հաջողակ մարդկանց
Շատ հաջողակ մարդկանց բնորոշ է էմոցիոնալ և նյութական մեծահոգությունը։ Նրանք նախանձ չեն և միշտ պատրաստ են կիսվել իրենց ունեցածով։
«Սովորեցրեք երեխաներին հարգել մյուսների կարիքները»,- ասում է Դենի Ջոնսոնը։ Պատահական չէ Աստվածաշնչում ասվում, որ պետք է տասանորդ տալ։ Նրա երեխաները նույնպես իրենց եկամտի 10%-ը տալիս են կարիքավորներին։ 20%-ը պահում են իրենց հանգստի և ժամանցի համար, իսկ մնացած գումարը հավաքում են՝ հետագա պլանների իրագործման համար։
Թարգմանությունը՝ 168.am-ի