«ԵԱՏՄ-ի թվային զարգացման ռազմավարությունը կարող է համաձայնեցվել մինչև 2017թ. վերջը». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Աստանայում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան է: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է վարել համաձայնեցված թվային քաղաքականություն, հատկապես տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց գծով լիազորությունները հանձնված են ազգային մարմնին»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետեւյալ ուղղությունները՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքի, կառավարման համակարգերի եւ անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում:

«Այդ նախաձեռնությունների ցանկը մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը, շուրջ տասը նախագիծ, եւ առաջարկություններ ու դիտողություններ ենք սպասում նրանցից»,- պարզաբանել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Նա ճշտել է, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը ներկայացվելու Է աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել է ԵԱՏՄ-ի երկրների նախագահների հանձնարարությամբ:

«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս